Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը հայտնում է. «Ըստ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի, հուլիսի 31-ին Սիրիայի եւ Լիբանանի սահմանային անցակետը հատեցին եւս երկու ավտոբուսներ, որոնցով 89 հայ ուղեւորներ կհասնեն Հալեպ եւ արդեն գիշերը ինքնաթիռով` Երեւան։ Ես նոր եմ զրույց ունեցել Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանի հետ։ Նա հայտնեց, որ իրավիճակը համայնքում կայուն է։ Հայաստան մեկնել ցանկացողների թիվն էապես նվազել է. մեր քաղաքացիներից մոտ 30 հոգի է մնացել Լիբանանում Հայաստանի դեսպանատանը ցուցակագրված։ Նրանք ցանկություն են հայտնել Հայաստան վերադառնալ ավելի ուշ՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում»:

Ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի. - «Սերժ Սարգսյանը Քոչարյանի համար նահանջ է նախապատրաստում. այսինքն՝ խորհրդարանում մեծամասնություն է ստանում, հետո դառնում է նախագահ եւ այլն: Իսկ եթե հանկարծ խորհրդարանում Հանրապետական կուսակցության գաղափարական հատվածն ըմբոստանա, Սերժի «թեւը» շատ արագ դաշինք կկազմի նույն «Բարգավաճ Հայաստան»-֊ի հետ եւ նորից մեծամասնություն կունենա»: «Իսկ ինչո՞վ է զբաղված եղել ընդդիմությունը: Ճիշտն ասած՝ առանձնապես ոչնչով», - նշում է մեկնամանը՝ հավելելով. - «Րաֆֆի Հովհաննիսյանը օրումեջ Ավարայրի ճակատամարտ էր տալիս գրասենյակի կողպեքի համար, Արշակ Սադոյանը հայտարարում էր, թե հայրենիքի փրկության բյուջեն՝ վեցուկես միլիոն դոլար է, Ստեփան Դեմիրճյանն այնքան քաղաքական խորաթափանցություն էր դրսեւորել, որ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո ի վերջո ժամանակ էր գտել եւ առաջին անգամ մեկնել Ղարաբաղ»:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Առավոտ»-ում կարծիք է հայտնում. - «Պարոններ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ի պատիվ իրենց, շատ լավ են զգում իրենց սպառնացող մոտալուտ վտանգը եւ գիտակցում են, որ հատուցման, պատասխան տալու պահն արդեն եկել է: Չէր կարելի 8 տարի շարունակ մեր դյուրահավատ ժողովրդին մոլորեցնել, ասելով՝ որ Ղարաբաղի հարցում շատ ավելի հեռանկարային, դրական լուծումներ են սպասվում, մինչդեռ արդյունքում ականատեսն ենք դառնում, որ տնտեսական խոշորածավալ ծրագրերը, այն է՝ Բաքու֊Թբիլիսի-֊Ջեյհան նավթատարը եւ Բաքու-֊Թբիլիսի-֊Էրզրում գազատարը արդեն իսկ կյանքի են կոչվել: Հիշենք, որ 8 տարի շարունակ իշխանական մամուլը հեգնանքով էր խոսում դրանց հնարավոր շահագործման մասին: Արդյունքում՝ Հայաստանը անցած տարիների ընթացքում տնտեսական զարգացման առումով զգալի նահանջ է ապրել նույն Ադրբեջանի համեմատ: Հեղինակավոր կենտրոններից մեկի վերլուծության համաձայն՝ Հայաստանի ժողովուրդը աշխարհիս դժբախտների չորս «պատվավոր» տեղերից մեկում է հայտնվել: Ահա սա է այսօրվա իշխանությունների ճշգրիտ եւ անկողմնակալ գնահատականը»:

«168 ժամ»֊-ը հիշեցնում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հուլիսի լույս 23-֊ի գիշերն արտակարգ դեպք է գրանցվել: «Ցմահ ազատազրկման դատապարտված 4 կալանավորներ փախուստի փորձ են կատարել, ինչը, սակայն, կանխվել է: Գիտակցելով, թե իրենց ինչ դաժան ծեծ է սպասում, նրանք կտրել են ձեռքերի երակները»: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թերթի աղբյուրը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, ասաց. - «Երակները կտրել են, որովհետեւ էնքան են դուբինկով ծեծում, որ սպանում են: Իրանց երբ որ պետք ա, լրագրող են բերում, տանում են հարուստների խցերը ու նենց խցեր են ցույց տալիս, որ սանատորիայի տպավորություն ա թողնում», - գրում է թերթը եւ շարունակում. -«Էդ 5֊6 վանդակներից բացի ոչ մի տեղ չեն տանում, բայց դրանք հարուստների խցերն ա, դաժե միկրովալնովի փեչ ունեն սեփական: Թող մի հատ ցմահների խցերը նայեն ու տեսնեն, թե ինչ ա կատարվում, ու թե մարդուն ինչ պայմաններում կարելի ա պահել»:

«Հիշեցրել ենք ու հիշեցնում ենք. արդեն մեկ ամիս հինգ օր «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը կալանատանն է: Իսկ Պողոս Պողոսյանին «անզգուշաբար» սպանած Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուն ու «մնացած» կուկուները նույնիսկ մեկ օր ոչ միայն բանտի երես չեն տեսել, այլեւ կես ժամ անգամ մեղադրյալի աթոռին չեն նստել», - նշում է «Ժամանակ Երեւան»-ը: Ըստ թերթի. - «Եթե միամիտ լինենք՝ կմտածենք, որ միայն ճակատագրի չար հեգնանքով է, որ Արմանի գործը հանձնարավել է մի դատավորի՝ Մնացական Մարտիրոսյանին, որը «պատիվ» է ունեցել քննելու նույն Կուկուի ու «ՏԷՑ֊ի կրուգ»֊-ի գործերը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG