Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. «Քննարկեցինք բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը»


«Անկասկած, մեր զրույցի հիմնական հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն էր բանակցային գործընթացին, եւ կարծում եմ, պարոն Բրայզան հասկանում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել: Դա հասկանում է ոչ միայն նա, այլեւ բոլոր համանախագահները», - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ Ստեփանակերտում շաբաթ օրը կայացած բանակցություններից հետո հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Հասկանալի է, որ մեր դիրքորոշումը որոշակիորեն տարբերվում է համանախագահի կողմից ներկայացված մոտեցումներից, սակայն որեւէ լուրջ առարկություն ես չլսեցի», - ըստ «Ռեգնում»-ի, նշել է Ղուկասյանը՝ հավելելով. - «Պարոն Բրայզայի այցից մեծ սպասելիքներ չունեի, քանի որ գիտեի, որ նա գալիս է ոչ թե նոր առաջարկներ ներայացնելու, այլ մեզ լսելու համար: Եվ այդ առումով սպասելիքներն արդարացան»:

Անդրադառնալով Մեթյու Բրայզայի հրապարակած հակամարտության կարգավորման սկզբունքներին, Արկադի Ղուկասյանը ասել է. - «Ես չեմ կարող մանրամասն վերլուծել առաջարկությունների ողջ փաթեթը, բայց ընդհանուր առմամբ առաջարկությունները չեն բացառում մեր դիրքորոշումը պաշտպանելու հնարավորությունը»:

«Լեռնային Ղարաբաղի նախագահը ունի մի խումբ տարաբնույթ առաջարկություններ: Նշվել են գաղափարներ, որոնք պետք է հստակեցվեն, համաձայնեցվեն եւ դեռ երկար ժամանակ քննարկվեն», - հայտնել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը՝ նշելով, թե «Մեթյու Բրայզայի՝ վերջերս հրապարակած փաստաթղթի ոչ մի հարց, փաստորեն, չի քննարկվել»:

Այսօր Մեթյու Բրայզան Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ղեկավարության հետ, ինչից հետո մեկնելու է Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG