Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն կարող է դիմել «երրորդ կողմի»՝ անկախ հետաքննություն կատարելու խնդրանքով


«Շատ հնարավոր է, որ եթե մեզ չբավարարի հանձնաժողովի հետագա աշխատանքը, մենք դիմենք մի երրորդ կողմի, որը անկախ հետաքննություն կկատարի», - հինգշաբթի օրը լրագրողներին ասաց «Արմավիա» ընկերության թռիչքների անվտանգության վարչության պետ Արշակ Նալբանդյանը՝ առանց մասնավորեցնելու:

500 աշխատակից ունեցող «Արմավիա» ընկերության աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր Երեւանում պնդեցին, որ մայիսի 3-ի օդային աղետը հետաքննող հանձնաժողովի եզրակացությունները վերջնական լինել չէր կարող թեկուզ այն պատճառով, որ ոչ բոլոր ենթահանձնաժողովների անդամներին են ուղարկվել նյութերը, եւ նրանք դրա տակ չեն ստորագրել՝ անգամ հարկ եղած հատուկ կարծիք կցելով: Նրանցից է Արշակ Նալբանդյանը, ով Միջպետական ավիացիոն կոմիտեի ստեղծած հանձնաժողովի թռիչքային ենթախմբի անդամ է:

Մյուս կողմից, «Արմավիա»-ի ներկայացուցիչները պնդեցին, որ հանձնաժողովը նախ պետք է պարզեր, թե ի՞նչն է հանգեցրել ջրի հետ օդանավի բախմանը, ի՞նչն է հենց աղետի պատճառը, հետո միայն՝ մեղավորները պարզվեին: Մինչդեռ միմիայն վարկածների առկայության պայմաններում ռուսական մամուլը արդեն մեղավորների մասին է խոսում:

Հանձնաժողովում առաջին իսկ օրվանից աշխատած Միհրան Խաչատրյանը՝ մոսկվոյան բախօրեին արված հայտարարությունների, ինչպես նաեւ աղետի հետաքննության հետ կապված՝ ռուսական մամուլի հրապարակումների առնչությամբ ասաց. - «Մենք պայմանավորվել ենք, որ մինչեւ հետաքննության ամբողջական ավարտը տեղեկատվության արտահոսք չի լինելու: Ցավոք, այսօրվա ռուսական մամուլում տեղեկատվության զանգվածային արտահոսք կա, թերեւս՝ ընտրողաբար: Իսկ մամուլի ձեռքը նման տեղեկատվությունը հենց այնպես չի ընկնում. ինչ֊-որ մեկը տալիս է: Եվ մենք բոլորս ցավում ենք դրա համար, չնայած դա ընդհանուր առմամբ ոչինչ չի տալիս, բացի ընթերցողի վրա զգացմունքային ազդեցություն թողնելուց»:

Արշակ Նալբանդյանը, այդուհանդերձ, բացառեց, թե ռուսական կողմի նման վարվելակերպը քաղաքական ենթատեքստ ունի:

«Մենք չենք ուզում հերքել, որ անձնակազմը տվյալ թռիչքի ընթացքում կատարել է որոշակի սխալներ», - ասաց Նալբանդյանը: - «Բայց արդյո՞ք այդ սխալներն էին պատճառը, որ հանգեցրին ինքնաթիռի բախմանը ծովի մակերեւույթին՝ դա պետք է ապացուցել ... Դեռ հանձնաժողովը իր աշխատանքը չի ավարտել»:

Նա չբացառեց, որ կարող է պարզվել, որ մեղքի որոշակի բաժին ունեն դիսպետչերական խումբը, Սոչիի օդանավակայանի օդերեւութաբանական ծառայությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG