Մատչելիության հղումներ

Հայաստանը ներկայացնում է արցախցի երգիչը


Մրցույթի ինտերնետային կայքում նշված է, որ «Ռազմիկ Ամյանը Ստեփանակերտից է՝ Հայաստանից»: Ռազմիկին ընտրել է Նադեժդա Սարգսյանը, ում պատկանում է մրցույթում Հայաստանի մասնակցին ներկայացնելու իրավունքը:

2005-ի ամռանը Ստեփանակերտում անցկացված «Ընծա» երգի մրցույթում Ռազմիկը գլխավոր մրցանակը ստացավ, տիկին Սարգսյանն էլ իբրեւ ժյուրիի անդամ նրան պարգեւեց Յուրմալա մեկնելու իրավունքը:

Այսօր Լատվիայի այդ առողջարանային քաղաքում առաջին մրցութային օրն է: Ռազմիկը երգելու է Կոնստանտին Օրբելյանի «Արեւիկ» երգը: Երկրորդ օրը «Միջազգային հիթ» անվանակարգում Ռազմիկը կներկայացնի Սթիվի Ուանդերի երգացանկից մի ստեղծագործություն, իսկ երրորդ օրվա երգը պետք է հատուկ գրված լինի մասնակցի համար: Ռազմիկ Ամյանի երգն իտալերեն է, գործիքավորել է Հայկոն:

Այսօր մեկնարկած ինտերնետային քվեարկության արդյունքներով, Ռազմիկ Ամյանն առայժմ հինգերորդ հորիզոնականում է, առաջատարը վրացուհի Սոֆիկոն է: Ի դեպ, 14 երկրներից 16 երգիչ է մրցելու, քանի որ Ռուսաստանը երեք մասնակից է ներկայացրել:

Նադեժդա Սարգսյանի քույրը՝ տիկին Անուշը, «Մաքս Լիբերթի»֊-ին փոխանցեց, որ ինտերնետից զատ նաեւ հեռախոսային հաղորդագրություններով է քվեարկություն անցկացվել, որի արդյունքներով Հայաստանի մասնակիցն առայժմ առաջին տեղում է:

Մինչեւ մեկնելը Նադեժդա Սարգսյանն ասել էր. - «Սա պրոդյուսերների պայքար է, իսկ մենք պարզապես մեկնում են Հայաստանը լավ ներկայացնելու»:

Նադեժդա Սարգսյանի վկայությամբ, այս օրերին մեր մասնակիցը ժյուրիի ուշադրության կենտրոնում է: Իսկ ժյուրիի կազմում են Ալլա Պուգաչովան, Լայմա Վայկուլեն, Իգոր Կրուտոյն ու այլ հայտնի անուններ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG