Մատչելիության հղումներ

Հայաստանը խնդրում է Վրաստանին թույլատրել հայաստանցիների մուտքը չգործող սահմանակետով


Հայաստանի կառավարությունը խնդրել է Վրաստանի իշխանություններին թույլատրել հայերի մուտքը Էրգնեթի բնակավայրի մոտակայքում գտնվող չգործող անցակետով:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Էրգնեթի անցակետի մոտ են գտնվում ավելի քան 100 հայեր, որոնք փորձել են Ռուսաստանից Վրաստան մտնել այդ սահմանակետով այն բանից հետո, երբ փակվել է Վերին Լարս անցակետը:

Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Երեւանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեի հետ: Վրաստանի իշխանություններին հուշագիր է փոխանցվել, որպեսզի նրանք «բարի կամք դրսեւորելով, թույլատրեն հայերի տեղաշարժը Վրաստանով Հայաստան»:

«Ես հույս ունեմ, որ խնդիրը կլուծվի, բայց եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ դա չգործող անցակետ է, եւ զուտ վրացական կողմի բարի կամքի շնորհիվ հնարավոր է, որ մենք այս անգամ եւս խնդիրը լուծենք», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը:

Վրաստանի արտգործնախարարությունն այսօր տեղեկացրել է, որ «հարցի դրական լուծման առաջարկով նամակը փոխանցվել է կառավարությանը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG