Մատչելիության հղումներ

Գագիկ Շամշյանի վրա հարձակվողներից մեկը ձերբակալվել է


«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հուլիսի 12-ին հարձակման փաստի առիթով հարուցվա քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Երեւանի Նուբարաշեն համայնքի թաղապետի եղբայրը՝ Ռուբեն Հովհաննիսյանը:

«Նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը ձեռք էր բերել բավարար ապացույցներ նախաքննության այս փուլում Ռուբեն Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

Տռուզյանի փոխանցմամբ, Էրեբունի եւ Նուբարաշեն հայանքների դատախազության կողմից Շամշյանի հաղորդման կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, լրագրողին կողոպտելու եւ խուլիգանություն հոդվածների հատկանիշներով:

«Քրեական գործի շրջանակներում հուլիսի 25-ին մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ Ռուբեն Հովհաննիսյանը: Հենց այդ երեք հոդվածներով էլ նրան ներկայացվել է մեղադրանք», - հավելեց գլխավոր դատախազության խոսնակը: - «Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Ռուբեն Հովհաննիսյանը առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչել»:

Այլ ձերբակալվածներ առայժմ չկան:

Երեկ տուժողի եւ կասկածյալի միջեւ տեղի ունեցած առերեսման ընթացքում Հովհաննիսյանը, Շամշյանի խոսքերով, իրեն մեղավոր չի ճանաչել:

«Նա ասում էր, որ ես սուտ եմ ասում», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Շամշյանը: - «Ես հաստատեցի իրականությունը»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG