Մատչելիության հղումներ

Վարդավառը Հայաստանում տոնում են ավելի քան 4 հազար տարի


Մարդկանց վրա ջուր ցողելը, ըստ ավանդույթի, պարտադիր է այդ օրը, այլապես երջանկությունը կշրջանցի նրան:

Քսանամյա Մերին ասում է, որ այս Վարդավառին ինքն իր երջանկության բաժինը ավելի քան ստացել է. իրեն էլ մի քանի անգամ ջրել են փողոցում: Մերին դեմ չէ միմյանց վրա ջուր լցնելու այդ սովորույթին, սակայն՝ միայն այն դեպքում, երբ դիմացինը ոչ մի տեղ չի շտապում եւ ինքն էլ մտադիր է ջրոցի խաղալ:

«Շատ ուրախ է անցնում, երբ հավաքվում ենք ընկերներով եւ ջրոցի խաղում, բայց երբ երթուղային տաքսիով հյուր ես գնում եւ պատուհանից մի դույլ ջուր են գլխիդ լցնում՝ առանց հաշվի առնելու ոչ առողջական վիճակդ, ոչ պահի պատեհությունը, դա արդեն զվարճալի չէ», - ասում է Մերին:

«Հնում, սակայն, տղաները չեն ջրել աղջիկներին, այլ՝ հակառակը: Մեզ հասել է Վարդավառի ջրային 20-ից ավելի խաղերից միայն մեկի խիստ աղավաղված տարբերակը», - ասում է Ժողովրդական խաղերի կենտրոնի հիմնադիրներից Ռուբեն Դանիելյանը: - «Վարդավառի ջրային խաղերից մեկը երիտասարդներն այսպես էին խաղում. ջահեր էին վառում, իսկ տղաները իրենց մերկ իրաններով, ձեռքերը հետեւում կապած, պիտի պաշտպանեին կրակը: Մինչդեռ աղջիկները ջրով պիտի փորձեին հանգցնել այն: Այժմ այդ խաղից մնացել է միայն միմյանց ջրելու պահը, ընդ որում տղաները ջրում են աղջիկներին փողոցում՝ ամենեւին հաշվի չառնելով, արդյոք հարմա՞ր է, թե ոչ»:

Բացի այդ, երիտասարդների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ նրանք չգիտեն, թե ինչու են ջուր լցնում միմյանց վրա, նրանք գրեթե անտեղյակ են տոնի իմաստի կամ արմատների մասին ու չգիտեն անգամ, թե ինչ է նշանակում «վարդավառ» բառը:

Ազգագրագետ Սամվել Մկրտչյանի մեկնաբանությամբ, «վարդավառ» բառը խեթական ծագում ունի եւ նույնիսկ խեթերենին շատ մոտ սանսկրիտում այդ բառը գոյություն ունի եւ նշանակում է ջուր (վարդ) ցողել(վառ):

Վարդավառի տոնը, ըստ Մկրտչյանի, հնում սիրո եւ պտղաբերության Աստղիկ դիցուհուն էր նվիրված եւ նշվում էր շատ ավելի ճոխ, քան հիմա: Շաբաթներ առաջ երիտասարդները պատրաստվում էին տոնին՝ նոր հագուստ էին կարում, ծաղիկներով զարդարում էին տունը, իսկ այդ օրը միմյանց նվերներ էին տալիս:

Քանի որ Աստղիկը ծնվել էր ջրի փրփուրներից, մարդիկ այդ օրը միմյանց վրա ջուր էին ցողում եւ զոհաբերություններ անում դիցուհուն՝ անձրեւ խնդրելով ամառային շոգերից թոշնած իրենց դաշտերի համար, եւ սեր՝ իրենց ընտանիքների համար:

Նույնիսկ քրիստոնեության մուտքը Հայաստան չկարողացավ մոռացնել սիրո փրփրածին դիցուհու տոնը: Այդ պատճառով եկեղեցին տոնի անունը փոխեց եւ դարձրեց իր հինգ Տաղավար տոներից մեկը, որը այժմ նշվում է Զատիկից 98 օր հետո եւ կոչվում է Քրիստոսի պայծառակերպության տոն:

«Այս առումով կարծես մեր բախտն ավելի է բերել, քան մեր հարեւան իրանցիներինը», - կարծում է ազգագրագետը: - «Ժամանակին նրանք էլ ունեցել են Վարդավառի տոն, սակայն մահմեդականություն ընդունելուց հետո տոնն այնտեղ մոռացվել է»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG