Մատչելիության հղումներ

Հայաստանում ընթանում են «Փրկարար 2006» զորավարժությունները


Հայաստանում ընթանում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ Հայաստանի պաշտպանության, տարածքային կառավարման նախարարությունների եւ փրկարար ծառայության համատեղ ջանքերով կազմակերպված «Փրկարար 2006» 12-օրյա զորավարժությունները:

Զորավարժություններին մասնակցում են 11 երկրների ներկայացուցիչներ (ԱՄՆ, Ալբանիա, Ավստրիա, Ղազախստան, Ղրղըզստան, Մակեդոնիա, Ռումինիա, Տաջիկստան, Ուկրաինա, Վրաստան): Ադրբեջանը չի մասնակցում:

«Փրկարար 2006» զորավարժությունների համանախագահ, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գնդապետ Ջո Ուիլլերը ուրբաթ օրը համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ զորավարժությունները ծավալվում են հիմնականում երկրաշարժի սցենարի շուրջ. - «Մեր սցենարով իրադարձությունները զարգանում են Սեւանի ափին, որտեղ 7,8 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»:

Հայ փրկարարների մասին ամերիկացի զինվորականը ասաց, որ նրանք «շատ բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ են»՝ չմոռանալով նշել, որ մյուս բոլոր մասնակիցներն էլ լավ պատրաստված են:

Զորավարժությունների համանախագահ գնդապետ Մուրադ Իսախանյանը ասաց, որ կազմակերպիչները գոհ են մնացել Հայաստանի կազմակերպած զորավարժություններից, եւ հաջորդ տարի դրանք նույնպես կանցկացվեն Հայաստանում:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG