Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երբ իշխանության կառույցներն են ցույց անում լրագրողի դեմ՝ պահանջելով, որ նա այս կամ այն բանը չգրի, դա արդեն անհասկանալի է, անտրամաբանական... Զավեշտական էր վերջին դեպքը, երբ Նուբարաշենի թաղապետն ուղարկել էր իր ազգուտակին՝ ցույց անելու «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի տան մոտ՝ պահանջելով, որ նա հեռանա այդ համայնքից եւ այդպիսով, հավանաբար, այլեւս չգրի թաղապետարանի աշխատանքի թերությունների մասին», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ նշելով. - «Լրատվամիջոցների դեմ ցույց անելու անհեթեթ մտահղացման արմատները, անշուշտ, խորհրդային մտածողության մեջ են: Խորհրդային ժամանակներից ժառանգած պատկերացմամբ, անհրաժեշտ է բոլոր միջոցներով (բռնությամբ, կաշառքով, «ցույցով», հաճախականությունից զրկելով) հասնել նրան, որ լրատվամիջոցը գրի այն, ինչ իրենց է հաճելի»:

Նույն թերթի հարցազրույցում Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ասում է. - «Հանրապետականը առաջ չի ընկել եւ քայլեր է անում այն ժամանակ, երբ հարցերը հասունանում են: Ասվածի վկայությունն է նաեւ այն, որ կուսակցությունը, ի դեպ միակը հանրապետությունում, իր պատմության ընթացքում շարունակաբար մեծացրել է իր մասնակցությունը խորհրդարանում եւ դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում: Մենք առաջ չենք ընկնում, այլ ամեն ինչ անում ենք ճիշտ ժամանակին»: Թղթակիցը հարցնում է. - «Պաշտպանության նախարարի անդամակցությունը ՀՀԿ-ին հարցեր է առաջացնում. ի վերջո՝ Հանրապետականում ո՞վ է լինելու թիվ մեկը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը»: Թորոսյանը պատասխանում է. - «Եթե պաշտպանության նախարարը անդամակցում է Հանրապետական կուսակցությանը, այստեղ որեւէ արտառոց բան չկա: Իհարկե, պարոն Սարգսյանը ազդեցիկ քաղաքական գործիչ է, իր հերթին՝ Հանրապետականն էլ ազդեցիկ քաղաքական ուժ է, եթե չասեմ՝ ամենաազդեցիկը՝ ըստ խորհրդարանում ունեցած իր ձայների եւ իր վերջին տարիների դերակատարության: Եվ շատ բնական է անդամակցությունը հենց Հանրապետականին»:

Անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, թե Քոչարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է կա’մ դառնալ կուսակցական, կա’մ հրաժարվել պաշտպանության նախարարի պաշտոնից՝ Քաղաքագետների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է, թե «Ռոբերտ Քոչարյանը բարոյական իրավունք չունի Սերժ Սարգսյանին նման երկընտրանքի առաջ կանգնեցնել. - «Ռոբերտ Քոչարյանի նման պահանջը հիմնավոր կլիներ, եթե 2003 թվականին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ նրա նախընտրական շտաբի պետը, առաջարկեր նրան հրաժարվել պաշտպանության նախարարի պաշտոնից: Այդ ժամանակ նա դա չարեց, ուստի հիմա Քոչարյանը բարոյական ծանրակշիռ հիմքեր չունի պնդելու պաշտպանության նախարարի հրաժարականը: Դա կդիտվի որպես երկակի ստանդարտների կիրառում»:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է, թե Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը իր մարզի 97 գյուղապետերի 2 օրով հրավիրել է հանրապետության կուրորտային քաղաքներից մեկը՝ նախընտրական «պատիվ տալու»: «Հաջորդը դպրոցների տնօրեններն են», - հավելում է «Հայկական ժամանակ»-ը, որի հարցազրույցում Հերոյանը, պատասխանելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հնարավորությանը վերաբերող հարցին, ասում է. - «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ խելքը գլխին մարդ, ես կարող եմ ասել, որ ոչ մի արտահերթ ընտրություն ժողովրդին լավ բան չի բերում: Ես դա բացառում եմ, եւ ճանաչելով հանրապետության նախագահին՝ նա այդպիսի քայլի չի գնա. նա ժողովրդին երբեք մենակ չի թողնի»:

«Իրաքյան պատերազմի հետեւանքով ազգությամբ հայ բնակիչների հոսքը չդադարած, Հայաստան է գալիս սփյուռքի` իսրայելա-լիբանանյան ռազմական գործողություններից հալածված մի այլ բեկոր», - գրում է «Ազգ»-ը՝ տեղեկացնելով. - «ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության իրավաբան Ռուզաննա Պետրոսյանի տեղեկատվությամբ՝ ժամանակավոր պաշտպանված անձի կարգավիճակ ստանալու համար երեկ արդեն գործակալություն էր դիմել 4 լիբանանահայ, որոնցից մեկն անչափահաս է»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը ասում է. - «Խուճապի կարիք, կարծում եմ, չկա։ Որովհետեւ Բեյրութի հայաբնակ թաղամասերը, ինչպես նաեւ կաթողիկոսության գտնվելու վայրը, հայկական հոգեւոր կենտրոնները հրետակոծության չեն ենթարկվել, այս պահի դրությամբ տուժածներ չունենք»։ Անդրադառնալով նաեւ Իսրայելի հայ համայնքի իրավիճակին՝ Ղարիբջանյանն ասում է. - «Վարչապետի հանձնարարությամբ բանակցություններ վարեցինք «Արմավիա» ավիաընկերության հետ, որի պատասխանատուները հոժարակամ պատրաստակամություն ցուցաբերեցին, եւ հուլիսի 23-ին ուղիղ չվերթ կիրականացվի Երեւանից Թել Ավիվ՝ բոլոր ցանկացողներին Հայաստան տեղափոխելու համար»։

«Ժամանակ Երեւան»-ը տեղեկացնում է. - «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 19-ին միաձայն որոշել է թույլատրել Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Midland Resources ընկերությանը բաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառել ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ի կազմի մեջ մտնող «Ինտերէներգո» ընկերությանը»: «Հայկական ժամանակ»-ի մեկնությամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդամենը «իրավական ձեւակերպում է տվել» մեկ տարի առաջ արդեն կայացած գործարքին, որով «Հայաստանի էներգետիկ համակարգի հերթական խոշոր օբյեկտը դարձավ Ռուսաստանի սեփականությունը»:

«Այս տարի ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը չի միջամտի ընդունելության քննություններին: Ավելի ճիշտ՝ ըստ Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական պարզաբանման, կմիջամտի այնքանով, որքանով իրականացնում է իր գործառույթները պետական կառավարման մյուս ոլորտներում», - գրում է «Առավոտ»-ը՝ ընդգծելով. - «Սա նշանակում է, որ «վերահսկողականի տղաները» լիազոր ներկայացուցիչների հետ քննասենյակներում շարքերի միջով չեն անցնի եւ իրենց ներկայությամբ ավելորդ լարվածության մեջ չեն գցի դիմորդներին, ինչն անում էին նախորդ 2 տարիներին»:

«Սեւանի առափնյա հանգստյան գոտիների եւ հյուրանոցների սեփականատերերն «արժանի հակահարված» են հասցրել վրացական լողափերին. այն է՝ էժանացնելու փոխարեն հմարյա կրկնակի բարձրացրել են ամեն ինչի գները: Պաղեստինցի փախստականների ճամբարների հիշեցնող«հնագույն գոտիներում» ամենախղճուկ ու «վշտացած» դոմիկների օրավարձը սկսվում է 20 դոլարից, բայց կան նաեւ «բոլոր հարմարություններով» դոմիկներ, որոնց օրավարձը ճիշտ այնքան է, որքան հինգաստղանի «Շերատոն» հյուրանոցի համարը՝ Միջերկրական ծովի ափին: Այնպես որ, գոնե մի հարցում միջազգային ստանդարտները պահպանվում են: Իսկ սա արդեն առաջընթաց է, եւ կույր պետք է լինել՝ այդ առաջընթացը չտեսնելու համար», - հեգնում է «168 ժամ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG