Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի համար կվերականգնվի ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը


Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որին վերջերս անդամագրվել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պարտավորվում է նաեւ կուսակցությունում համապատասխան պաշտոն տրամադրել նրան:

Հուլիսի 22-ին կուսակցության արտահերթ համագումարում կվերականգնվի նախորդ համագումարում կանոնադրությամբ վերացված ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը՝ Սերժ Սարգսյանի համար:

«Կանոնադրության մեջ որոշակի լրացումներով կլինի խորհրդի նախագահի պաշտոն. թերեւս առաջարկվի այդ պաշտոնը Սերժ Սարգսյանին», - այսօր լրագրողներին ասել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

ՀՀԿ-ի խորհուրդն այսօր բաղկացած է 42 անդամից: Սակայն, խորհրդի այսօրվա նիստում, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի, որոշում կընդունվի խորհրդի կազմն ընդլայնելու մասին, քանի որ «մեծ թվով նոր մարդիկ են ընգրկվելու խորհրդի կազմում»:

Այսօր ավելի ուշ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ ՀՀԿ-ին անդամակցել են նաեւ Ազգային Ժողովի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ խմբի որոշ անդամներ:

«Ժողպատգամավոր» խմբի ղեկավարը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ 17 անդամ ունեցող խմբից Հանրապետականին է անդամակցել «շուրջ տասը պատգամավոր»: Իր հետ միասին ՀՀԿ-ին անդամակցածներից, Կարեն Կարապետյանը նշեց միայն թիվ 34 ընտրատարածքից ընտրված Հակոբ Հակոբյանի անունը:

Ըստ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի, պաշտպանության նախարարին ընդգրկելով կուսակցության շարքերը, պարզապես օրինականացվել է նրա մուտքը Հանրապետական կուսակցություն: Նա վստահեցրեց, որ 1998 թվականից ի վեր չի կտրվել Սերժ Սարգսյանի կապը ՀՀԿ-ի հետ:

Զոհրաբյանը հերքեց խոսակցությունները, թե հետագայում Սերժ Սարգսյանն իր ձեռքը կվերցնի կուսակցության ղեկավարի լծակները ու կընտրվի ՀՀԿ նախագահի պաշտոնում:

«Այդպիսի բաներ չկան», - ասաց նա՝ հավելելով. - «Կարծում եմ, Սերժ Սարգսյանը ապագա Ազգային ժողովի ընտրություններից հետո կմտածի նաեւ նախագահի թեկնածուի մասին»:

Այսօր երեկոյան կկայանա կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կձեւավորվի ՀՀԿ արտահերթ համագումարի օրակարգը:

«Արտահերթ համագումար է: Մենք համախմբվում ենք, ձեւավորում ենք մեր թիմը 2007-ի ընտրությունների համար: Համագումարում արդեն կտեսնենք, թե թիմը նաեւ ինչ լրացումներ ունի», - եզրափակեց Զոհրաբյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG