Մատչելիության հղումներ

Երբ քաղաքացին գերադասում է փախստական դառնալ


Այս «խնդրանքով» Սեբաստիա 3ա հասցեի բնակիչները հաճախ են դիմում ղեկավար բոլոր ատյաններին՝ թաղապետարանից մինչեւ նախագահի նստավայր: Ընդ որում, նրանցից 5-ը ազատամարտիկներ են, մի քանիսը՝ տարբեր կարգի հաշմանդամներ, որոնց ընտանիքներն ու զավակները այսօր կանգնած են անօթեւան մնալու վտանգի առջեւ:

Նախկին թիվ 16 պրոֆտեխուսումնարանի մասնաշենքում զբաղեցրած տարածքներից դատարանի վճռով նրանց հերթով վտարում է 2003-ին այս տարածքը գնած «Մխիթար Գոշ» համալսարանը, ընդ որում՝ անհատույց:

«Մենք կռվել, պայքարել ենք մեր հողի համար, չենք փախել, բայց մեզ բարոյապես սպանում են: Բա որ նոր սերունդը տեսնի, թե մենք ոնց ենք բոմժի նման թափառում, ի՞նչ կսովորի, ի՞նչ օրինակ պիտի վերցնի, որ ժողովրդին պաշտպանի», - մտահոգված է Հրաչ Աբրահամյանը, կամ ինչպես մարտական ընկերներն են ասում՝ «Գերի Հրաչը», որը 11 մահապարտների ջոկատի կազմում հասել է մինչեւ Գետաշեն եւ Շուշի՝ վիրավորվելով եւ դառնալով երկրորդ կարգի հաշմանդամ: Այսօր նա եւ դստեր ընտանիքը փաստի առջեւ են կանգնել:

Նախկին թիվ 16 պրոֆտեխուսումնարանին պատկանող այս մասնաշենքում 90-֊ականներից բնակություն է հաստատել ազատամարտիկների, փախստականների եւ սոցիալապես անապահով քաղաքացիների 49 ընտանիք: Ուսումնարանի նախկին տնօրենը տարածքը նրանց տրամադրել է «ժամանակավոր բնակության իրավունքով»՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի նախաձեռնությամբ, նախկին թաղապետ Վահան Զատիկյանի գրավոր միջնորդագրի հիման վրա:

2003 թվականին «Մխիթար Գոշ» համալսարանը գնել է ուսումնարանին պատկանող շինությունները՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով պայմանագիր, Ըստ որի համալսարանը պարտավորվել է «հայաստանաբնակների, ազատամարտիկների, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող 49 ընտանիքների անժամկետ օգտագործմանը հանձնել զբաղեցրած տարածքները, իսկ նրանց վտարելու դեպքում՝ ապահովել համարժեք տարածքներով կամ դրամական փոխհատուցմամբ»: Օրինական կամ ապօրինի բնակության մասին այստեղ որեւէ խոսք չկա: Սակայն տեղաբնակ 12 ընտանիքների հանդեպ պարտավորությունից համալսարանն անմիջապես հրաժարվել է՝ հիմնավորելով, որ նրանց բնակությունը այստեղ լրիվ ապօրինի է:

Բնակիչների բողոքներին ի պատասխան նույնը կրկնել է Զատիկյանի իրավահաջորդ թաղապետ Աղվան Գրիգորյանը. - «Այս ընտանիքների նկատմամբ հնարավոր չէ որեւէ պարտավորություն ստանձնել, քանի որ նրանք շենքում տեղավորվել են «առանց իրավական հիմքի եւ իրավասու մարմինների գիտության» :

«Այս ընտանիքները ապօրինի եւ հանցավոր ձեւով են զբաղեցրել այդ տարածքները: Զատիկյանը չի ունեցել իրավասություն այս շենքի շինությունների հանդեպ, դրանք մինչեւ սեփականաշնորհումը եղել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ», - նշում է «Մխիթար Գոշ» համալսարանի պրոռեկտոր Ռաֆիկ Գրիգորյանը: - «Զատիկյանը ուսումնարանի տնօրենին ուղարկել է գրություն-խնդրանք, ինչն իրավական ուժ չունի»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG