Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Բրայզան նոր առաջարկներ է ներկայացնելու»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքու եւ Երեւան կատարելիք այցի ընթացքում ներկայացնելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկներ:

«Մեզ հայտնել են, որ նա ունի որոշ նոր տարրեր, որոնք ուզում է քննարկել», - ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Մամեդյարովը՝ նշելով, որ Մեթյու Բրայզան տարածաշրջանում կլինի հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը:

Մամեդյարովը նաեւ նշել է, որ եթե ամերիկացի համանախագահի կողմից ներկայացվելիք առաջարկներում Ադրբեջանը հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի հնարավորություններ տեսնի, Բաքուն հավանություն կտա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ նոր հանդիպման անցկացմանը:

«Հիմնական սկզբունքների շուրջ մենք աշխատում ենք արդեն 2 տարի: Դրանց հիմնական մասը մենք համաձայնեցրել ենք: Բայց կան որոշ լուրջ խնդիրներ, եւ եթե Մեթյու Բրայզան ժամանի բանակցային գործընթացում առաջխաղացման հնարավորություն ընձեռող ինչ-որ նոր գաղափարներով, մենք պատրաստ կլինենք շարունակել գործընթացը: Եթե հարկ լինի, կարելի է նաեւ հանդիպում կազմակերպել», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG