Մատչելիության հղումներ

Պուտինը եւ Բուշը առանձնազրույց կունենան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ շաբաթ օրը մեկնարկող Մեծ ութնյակի գագաթնաժողովից առաջ կայանալու է նրա առանձնազրույցը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ:

Նախօրեին Բեռլինում Միացյալ Նահանգների նախագահը անդրադարձել է Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին` նշելով, թե «Պուտինի հետ առաձնազրույցի ընթացքում բարձրացնելու է նաեւ Ռուսաստանում ժողովրդավարության նահանջի հարցը»:

«Օրինակ՝ քաղաքացիական հասարակության հարցը, ոչ կառավարական կազմակերպությունների ազատ գործունեության հարցը», - ասել է Ջորջ Բուշը եւ հավելել. - «Ես հարգում եմ մեկ այլ, նույնպես շատ կարեւոր երկրի նախագահին, եւ [հանդիպումից հետո] չեմ հայտնի, թե ինչ եմ ասել Պուտինի հետ դեմ առ դեմ զրույցի ժամանակ: Հուսով եմ, Ռուսաստանի նախագահը այդ մասնավոր զրույցի մանրամասները նույնպես չի հայտնի»:

Ռուսաստանի նախագահը Սանկտ-Պետերբուրգի արվարձան Պուշկին քաղաքում այսօր այցելել է «Երիտասարդ ութնյակ»-ի գագաթնաժողով, որին մասնակցում են աշխարհի ամենահզոր պետությունները ներկայացնող 13-17 տարեկան 8-ական դպրոցականներ: Միացյալ Նահանգների թիմում ընդգրկված է Կալիֆորնիայի Գլենդեյլի դպրոցական 15-ամյա Շանթ Աթարյանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG