Մատչելիության հղումներ

Իրացման գոտիների բնակիչների բողոքը կրկին մնում է անպատասխան


Մայրաքաղաքի իրացման գոտիների բնակիչները, որոնք շուրջ երեք տարի պայքարում են կառավարության որոշմամբ «պետության գերակա շահերի համար» իրենց «ոտնահարված իրավունքների» համար, այսօր Կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին ցույցի:

Մի քանի տասնյակ ցուցարարները այսօր պահանջում էին արդեն իշխանությունների հրաժարականը՝ վանկարկելով՝ «Գողեր, հեռացեք»:

Կոզեռն թաղամասի բնակիչները, օրինակ, պահանջում են թույլ տալ սեփականաշնորհել իրենց տները: Թաղամասը իրացման գոտի է համարվում 2003 թվականից, սակայն համապատասխան մարմինները ընթացք չեն տալիս անգամ 1998 թվականին ներկայացված դիմումներին: Հյուսիսային պողոտայի տարածքի արդեն նախկին բնակիչներին չի բավարարում վճարված փոխհատուցման չափը:

«91 քառակուսի մետրին տվել են 32 հազար [ԱՄՆ դոլար]: 32 հազարով մի սենյակ չեմ կարող այսօր առնել: Փողոցում են մնացել երեխաներս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներից մի կին:

Բողոքի ցույցը որեւէ արձագանքի չարժանացավ: Ցուցարարների մեջ շրջող քաղաքապետարանի ներկայացուցիչները պարզապես փորձում էին համոզել, որ դադարեցնեն բողոքի ակցիան:

«Կառավարությունը մեզ մարդու տեղ չի դնում: Բա մենք էլ ո՞ւմ բողոքենք», - վրդովվում էին ցույցի մասնակիցները: - «Որ հերթը հասնի դրան՝ Եվրոդատարան էլ ենք դիմելու»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG