Մատչելիության հղումներ

Գործարկվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը


Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները թուրքական Ջեյհան նավահանգստում այսօր հանդիսավորությամբ կբացեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը:

Ադրբեջանը ակնկալում է նորաբաց նավթատարով արտահանած էներգակիրների դիմաց առաջիկա տասը տարում ստանալ 140 միլիարդ դոլար եկամուտ: Ադրբեջանցի քաղաքագետների գնահատականով, սակայն, կարեւորը ստացվող եկամուտի չափը չէ, այլ դրա տնօրինման արդյունավետությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն նշում է. - «Խնդիրը գումարների ռացիոնալ օգտագործումն է: Դրանք պետք է ուղղվեն նավթարդյունաբերության նորացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, բնակչության մշակութային մակարդակի աճն ապահովելուն: Բայց ադրբեջանական հասարակության կառուցվածքն այնպիսին է, որ դրա հետ հույսեր կապելն անիմաստ է: Ավելի հավանական է սպառողական, պարազիտների հասարակության ձեւավորումը, հասարակություն, որը նավթային այս բումի ավարտին կրկին հայտնվելու է կոտրած տաշտակի առջեւ»:

Ադրբեջանցի մեկ այլ վերլուծաբան՝ Արիֆ Յունուսովը փոխանցեց, թե «Ադրբեջանն ունի զարգացման երկու ուղի. պայմանականորեն ասած, նորվեգական, երբ ստացված գումարները ուղղվում են տեխնոլոգիական զարգացմանն ու սոցիալական ոլորտներ, կամ էլ նիգերական՝ երբ նավթային եկամուտները կուտակվում են բնակչության մեկ-երկու տոկոսի ձեռքում»:

«Առայժմ ես ավելի շատ մտավախություններ ունեմ ու հոռետես եմ», - ասում է Յունուսովը: - «Նորվեգական ուղիով շարժվելու համար իշխանության ղեկին պետք է լինեն բարեփոխիչներ, որոնք հասկանում են, որ արդեն 21-րդ դարն է, որոնք կփոխեն երկրի քաղաքական համակարգը, բարեփոխումներ կնախաձեռնեն տնտեսական կյանքում: Եթե դրանք չլինեն, հաստատ լինելու է նիգերական տարբերակը»:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե ստացված գումարների մի զգալի մասն ուղղվելու է բանակի կարիքներին՝ Արիֆ Յունուսովը նշում է. - «Նույնիսկ եթե գումարների մի զգալի մասը ռազմական գերատեսչությունները գողանան, մնացած մասնաբաժինը, միեւնույն է, բավարար կլինի ոչ այնքան մեծ ադրբեջանական բանակը մոդեռնիզացիայի ենթարկելու համար»:

Զարդուշտ Ալիզադեն այս առումով, սակայն, այնքան էլ լավատես չէ. -
«Եթե զինվորական վերնախավը թալանում է 600 միլիոնանոց ռազմական բյուջեն, ի՞նչը պետք է նրանց խանգարի նույնն անել 1 միլիարդ 200 միլիոն կամ 2 միլիարդ 400 միլիոն դոլարի հետ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG