Մատչելիության հղումներ

Հայաստանցիների մեծ մասը համոզված է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում


Հայաստանցիների մեծամասնության՝ 55 տոկոսի համոզմամբ, Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում: 32 տոկոսը հակառակ տեսակետն է պաշտպանում, մինչդեռ 13 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել կամ հրաժարվել է հրապարակել իր կարծիքը:

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական օժանդակությամբ Baltic Surveys / International Republican Institute եւ Gallup կազմակերպությունները Հայաստանում անկացրել են ծավալուն սոցիոլոգիական հետազոտություն՝ բնակչության ընդանուր տրամադրությունը պարզելու համար: Ապրիլի վերջին - մայիսի սկզբին անցկացված հարցմանը մասնակցել է 1200 չափահաս հայաստանցի:

Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Հայաստանի տնտեսական իրավիճակը բարելավվել է, իսկ 23 տոկոսի համոզմամբ՝ վատթարացել: Սակայն, այս ընդհանուր զարգացումը անմիջականորեն կապված չէ ընտանիքների ֆինանսական վիճակի փոփոխության հետ. դրական զարգացումներ արձանագրել է հարցվածների 23, բացասական՝ 28 տոկոսը:

Հարցվածների 58 տոկոսին չի բավարարում երկրում ժողովրդավարության զարգացումը, մինչդեռ 37 տոկոսը բավարարված է: Այս ամենը հաշվի առնելով, հայաստանցիների գերակշիռ մեծամասնության՝ 79 տոկոսի համոզմամբ, դեռ շատ ժամանակ կպահանջվի, մինչեւ առկա խնդիրները լուծվեն:

Պատկերը գրեթե կրկնվում է, երբ խոսքը վերաբերում է հաջորդ ընտրություններին. 70 տոկոսը կարծում է, որ դրանք չեն լինի ազատ ու արդար, 13 տոկոսը հավատում է, որ կլինեն ժողովրդավարական ընտրություններ:

Հայաստանցիներին առավելապես մտահոգող խնդիրներից է գործազրկությունը (43 տոկոս), իսկ կարեւորությամբ վերջին տեղը զբաղեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ընդամենը 4 տոկոս:

«Ո՞վ է մեր ժամանակների հերոսը» հարցին, հարցվածների 14 տոկոսը պատասխանել է՝ Անդրանիկը: Հարցվածների 10 տոկոսը նախապատվությունը տալիս է Գարեգին Նժդեհին, 9 տոկոսը նշում է Վազգեն Սարգսյանի անունը, իսկ Տիգրան Մեծը եւ Կարեն Դեմիրճյանը հարցվածների 6 տոկոսի հերոսներն են:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG