Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 8-ը հուլիսի)

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը Ստեփանակերտում հայտարարել է. - «Նախքան ԼՂՀ հռչակումը մենք մտադիր չենք վերադարձնել մեր անվտանգության գոտին կազմող տարածքները... Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները ինքնանպատակ չեն՝ նրանք ծառայում են որպես անվտանգության գոտի՝ հանրապետության խաղաղ կենսագործունեության ապահովման համար»: «Տարածքների եւ հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայման հարցերը կքննարկվեն հակամարտության կարգավորման վերջին փուլում, հիմնական խնդրի լուծումից հետո, այն է՝ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի սահմանումը», - հավելել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը:

«168 ժամ»-ը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի մամուլի համատեղ ասուլիսը՝ մեջբերելով վերջինիս խոսքերը. - «Պետք է վերականգնվի բանակցությունների բնական ձեւաչափը, որտեղ Ղարաբաղը հնարավորություն կունենա պաշտպանել իր շահերը: Ղարաբաղի մասնակցությունը կդառնա նշան այն բանի, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների»:

«Ադրբեջանը հայտարարում է, որ երբեք չի հաշտվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստի հետ, իսկ Հայաստանն էլ, բնականաբար, նախքան ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչումը չի համաձայնվի «գրավյալ տարածքներից» դուրս գալու Ադրբեջանի պահանջի հետ», - արձանագրում է «Հայոց Աշխարհ»-ը՝ եզրակացնելով. - «Ուրեմն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարագանա այնքանով, որքանով Լեռնային Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես բանակցությունների ինքնուրույն կողմ»։

Կկայանա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյան - Իլհամ Ալիեւ հանդիպում հուլիսի 15-17-ին Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք Մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Անդրադառնալով իր իսկ բարձրացրած հարցադրմանը՝ «Հայկական ժամանակ»-ը նշում է. - «Իհարկե, համանախագահներին անհրաժեշտ է դրական պատասխան, քանի որ Մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, միջազգային միջնորդների տեսանկյունից, գոնե այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բեկում մտցնելու վերջին հնարավորությունն է»: «Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հայտնվեն Սանկտ֊-Պետերբուրգում, ապա շրջանակային համաձայնագիրը կարելի է ստորագրված համարել», - գրում է մեկնաբանը՝ միաժամանակ նշելով. - «Բոլոր հիմքերը կան ասելու, որ Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու հրավերին պատասխանելիս Քոչարյանն ու Ալիեւը փորձելու են անել այն, ինչ անում են, երբ իրենց ներկայացվում է հակամարտության կարգավորման՝ ստորագրելու ենթակա փաստաթուղթ: Այսինքն՝ յուրաքանչյուրը փորձելու է այնպես անել, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը տեղի չունենա հակառակ կողմի պատճառով»:

Մինչեւ 2000 թվականը Հայաստանի կառավարման համակարգում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած Վահան Շիրխանյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Անտեղի եմ համարում համանախագահողների կողմից երկու երկրների հասարակություններին դիմելը, քանի որ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում նախագահներն ընտրվել են առանց հասարակության մասնակցության՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությամբ: Եվ այսօր իրե՛նք պետք է աշխատեն իրենց իսկ ընտրած նախագահների հետ, ու չդիմեն ժողովրդին»: Թղթակցի հարցին, թե «մեկնաբանություններ եղան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հրահրում են իշխանափոխություն, քանի որ ենթադրվում էր, թե գաղտնազերծված դրույթներն անպայման բողոքի ալիք կառաջացնեն հակամարտող երկրներում», Վահան Շիրխանյանը պատասխանում է. - «Ես բացառում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ մեծ տերությունները խնդիր են դրել իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Նրանց բոլորովին հարկավոր չէ դա: Ավելի կառավարելի իշխանություն, քան այս է, իրենք չեն ունենա»:

«Համանախագահների հայտարարությունները ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված սպառնալիք էր, այլեւ, բացահայտելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքները, նրանք նպատակ ունեին շոշափել հակամարտող երկրների հասարակությունների կարծիքը», - ընդգծում է «168 ժամ»-ը եւ հավելում. - «Իհարկե, առայժմ մեզանում որեւէ լուրջ հասարակական քննարկում չի կայացել: Իսկ քաղաքական կուսակցությունները, շատ չնչին բացառություններով, այս օրերին «բերանները ջուր առած նստել են»: Նրանցից ոմանք ընդհանրապես որեւէ պատկերացում, հետեւաբար՝ նաեւ դիրքորոշում չունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, բացի շաբլոն խոսքերից: Մյուս մասն էլ, վախենալով դավաճանի պիտակից, խուսափում է խոստովանել, որ հակամարտող կողմերը պետք է գնան հստակ փոխզիջումների, որքան էլ որ այն իրենց համար ցավալի լինի»:

«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, «Առավոտ»-ի փոխանցմամբ, երեկ հաստատել է, որ իր ղեկավարած խմբում քննարկումներ են ընթանում Հանրապետական կուսակցության հետ «շատ սերտ համագործակցության շուրջ»:

«Թե Սերժ Սարգսյանի հետ է՞լ ով է գալու Հանրապետական կուսակցություն, պարզ կլինի մինչեւ համագումարն ընկած այս օրերին։ Համենայնդեպս, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չափազանցված է համարում լուրերը, թե մարդիկ իրար կոտորելով գալիս են ՀՀԿ, կամ նրանց բռնակցում են ՀՀԿ-ին», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ մեջբերելով վերջինիս խոսքերը. - «Եթե նայում ենք կուսակցությանն անդամագրվելու դինամիկան, ապա անցած տարվա համեմատ այն էական փոփոխություն չի կրել։ Ավելին, միայն անցած 6-7 ամիսներին մենք մոտ 3 հազար կուսակցականի տարբեր պատճառներով հեռացրել ենք Հանրապետականից։ Ու եթե մենք բռնակցումներով զբաղվեինք, ապա այդքան մարդ չէինք հեռացնի ՀՀԿ-ից»:

«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Շարունակվում է մտավորականների «ներհոսքը» «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ): Պարզվում է, որ ԲՀԿ անդամ է դարձել Սունդուկյանի թատրոնի դերասան, ժամանակին Արկադի Վարդանյանի համակիր Կարեն Ջանիբեկյանը, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցող գիտնական Սուրեն Վարդանյանը, ակադեմիկոս Ռոլանդ Գրիգորյանը... Ի դեպ, այլեւս ԲՀԿ անդամ է նաեւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը»:

«Մեզանում բնակչության մեկ շնչին շուտով մեկ կազմակերպություն է հասնելու», - գրում է «Հայոց աշխարհը»: Տարբեր որակումներով բնութագրելով կուսակցություններին՝ մեկնաբանն ամփոփում է. - «Հայրենի կուսակցություններին բնութագրող բառերն անսահման են։ Սակայն նրանց մեծամասնության համար կարելի է կիրառել մեկը. «Եսակենտրոն սեփականամետ գորշ միջակություններ»։

«Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգաիձեն հայտարարել է, թե Վրաստանում գողացված ավտոմեքենաները տեղափոխվում եւ վաճառվում են Ադրբեջանում եւ Հայաստանում: Միաժամանակ նա բավական լուրջ մեղադրանք է հասցեագրել Հայաստանի «շատ հայտնի» դատավորներից մեկին՝ առայժմ չհրապարակելով նրա անունը», - փոխանցում է «168 ժամ»-ը՝ մեջբերելով Օբգաիձեի խոսքերը. - «Հայաստանում, մասնավորապես, դրանք «օրինականացնում է» շատ հայտնի մի դատավոր, եւ դա՝ անկախ այն բանից, որ ինքն անձամբ մշտապես տեղյակ է, թե ինչ ճանապարհով են ի հայտ եկել այդ ավտոմեքենաները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG