Մատչելիության հղումներ

Բանկի կողոպուտի մեջ կասկածվողները ձերբակալվել են


Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հաղորդել է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել «Արդշինինվեստբանկ»-֊ի Մալաթիայի մասնաճյուղից խոշոր գումարի եւ գրավ դրված զարդերի գողության հանգամանքները:

Երկուշաբթի օրը բանկի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ բանկի պահոցից անհայտացել էր 41 միլիոն դրամ, 56.503 դոլար, 2.690 եվրո եւ 44.700 ռուբլի:

Նախաքննության արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել եւ կատարել է ոստիկանության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, «Արդշինինվեստբանկ»֊-ի Մալաթիայի մասնաճյուղում ծառայություն իրականացնող Ա.Ա. Հակոբյանը՝ նախկինում դատվածություն ունեցող Ա.Ռ.Խանոյանի, Ա.Ռ.Բաբայանի եւ Ս.Մ. Հովհաննիսյանի հետ միասին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հակոբյանն ու Ս.Հովհաննիսյանը երեկ ձերբակալվել են: Ա.Հակոբյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարների եւ ոսկյա իրերի գողություն կատարելու մեջ, իսկ Ս.Հովհաննիսյանը՝ գողությանն օժանդակելու մեջ: Ա.Հակոբյանը տվել է խոստովանական ցուցմունքներ եւ նրա մատնանշած վայրից՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի տներից մեկի հողամասից առգրավվել է գողացված գումարի նրա մասնաբաժինը՝ 6690 դոլար, 10.431.500 դրամ, 500 եվրո, 50 ֆունտ սթեռլինգ եւ 14 հազար ռուբլի:

Ա.Բաբայանի եւ Ա.Խանոյանի գտնվելու վայրը դեռեւս չի պարզվել: Երեկ որոշումներ են կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու եւ հետախուզում հայտարարելու մասին:

Նախաքննության ընթացքում հետախուզման մեջ գտնվող Ա.Բաբայանը երեկ պատահական տաքսի ավտոմեքենայի վարորդի միջոցով ոստիկանություն է ներկայացրել հափշտակված ոսկյա իրերի մի մասը՝ շուրջ 16 կգ, եւ 400.000 դրամ գումար, որն առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG