Մատչելիության հղումներ

Սաբինա Ֆրեյզերը «ճգնաժամային» է համարում հակամարտության կարգավորման իրավիճակը


Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը «ճգնաժամային է», եւ որ «2005 թվականի ամռանը՝ նախքան Ռամբույեն, Հայաստանն ու Ադրբեջանը ավելի մոտ էին խաղաղությանը»:

«Ռամբույեից առաջ ավելի մեծ էին խաղաղության հասնելու, օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման, ադրբեջանցի տեղահանվածների վերադարձի հույսերը, քան 2006-ի երկրորդ կեսին կամ 2007-ի առաջին կեսում: Այժմ այդ հույսը չի նշմարվում, իսկ համանախագահները հայտարարել են իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին», - ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցազրույցում ասել է Ֆրեյզերը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 22-ի համատեղ հայտարարությունը՝ փորձագետը նշել է, որ 1994 թվականին բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր առաջին անգամ համանախագահները հայտարարում են իրենց գործունեությունը շարունակելու աննպատակահարմարության մասին:

«Մենք աստիճանաբար մտնում ենք սարսափելի մի փուլ, որում հակամարտության կողմերի միջեւ բանակցություններ չեն լինի: Նման իրավիճակում մենք հայտնվել ենք առաջին անգամ՝ 1994 թվականից ի վեր», - նշել է Սաբինա Ֆրեյզերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG