Մատչելիության հղումներ

Քոչարյանը ժամանել է Թեհրան


Հուլիսի 5-ին սկսվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկօրյա աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախատեսվում է, որ հայ-իրանական հանդիպումների հիմնական թեման կդառնա Իրան - Հայաստան կառուցվող գազատարը:

2005 թվականին սկսված՝ 41 կիլոմետր երկարությամբ եւ 124 միլիոն դոլար արժողությամբ գազատարի առաջին հատվածի շինարարությունը ծրագրված է ավարտել 2007 թվականի սկզբին, իսկ երկրորդ մասի շինարարության եւ հատկապես դրանում ռուսական կողմի մասնակցության հարցը Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահի խոսակցության թեման է դառնալու:

Քոչարյանը եւ Ահմադինեջադը նախ դեմ առ դեմ հանդիպեցին, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձեւաչափով:

Ահմադինեջադը Հայաստանի նախագահին ընդունել է նախագահական նստավայրում: Իրանի նախագահը ասել է, թե հանդիպումը նոր քայլ կարող է լինել հայ-իրանական կապերի շարունակության համար:

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ իրենց հանդիպումն իսկապես կարող է առաջընթաց դառնալ երկու երկրների հարաբերությունների խորացման համար:

Օրվա երկրորդ կեսին նախագահ Քոչարյանը հանդիպել է նաեւ Իրանի արտգործնախարար Մոթաքքիի հետ:

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG