Մատչելիության հղումներ

Մոսկվայում քննարկվել է հայերի սպանությունների հարցը


Հինգշաբթի օրը Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների ընթացքում քննարկվել է նաեւ Ռուսաստանում հայերի սպանությունների հարցը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, խորհրդատվություններին մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Գեղամ Ղարիբջանյանի եւ Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակությունները:

Հայաստանի փոխարտգործնախարարը, ըստ հաղորդագրության, «կրկին անգամ արտահայտել է հայկական կողմի լուրջ մտահոգությունը այդ խնդրի առնչությամբ՝ ընդգծելով, որ այդ ողբերգական դեպքերը լուրջ արձագանք են գտել Հայաստանի հանրության լայն շրջանակներում»:

Ռուսական կողմը հայկական պատվիրակությանը տեղեկացրել է Ռուսաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին՝ հանցավորներին պատասխանատվության ենթարկելու գործում: Հայկական կողմը ստացել է ռուսական կողմի հավաստիացումները, որ ձեռք են առնվել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ հետագայում նման երեւույթների կրկնումը կանխելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում, մեկնաբանելով Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւի՝ Երեւանում արված հայտարարությունը, թե հայերի սպանության դեպքերը ազգայնական հողի վրա չեն կատարվել, Գեղամ Ղարիբջանյանը ասաց. - «Մենք համաձայն չենք այդ տեսակետի հետ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG