Մատչելիության հղումներ

Քոչարյանի խորհրդականը մտահոգված է հարկերի հավաքագրման ցածր մակարդակով


Հայաստանի նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցի համոզմամբ՝ երկնիշ թվով տնտեսական աճ ունեցող երկրում Համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի ընդամենը 14,5 տոկոս հավաքագրումը այլեւս չի կարող բավարար լինել պետության հիմնական խնդիրները լուծելու համար:

«Ուժեղ տնտեսական աճի արդյունքում պարզ է, որ հնարավոր պիտի լիներ շատ ավելի բարձր հարկային միջոցներ հավաքագրել: Դա տեղի չի ունենում: Դա բավարար չէ հոգալու մեր պետական անհրաժեշտ ծախսերը՝ առաջին հերթին պաշտպանություն, անվտանգություն, սոցիալական եւ ֆիզիկական ենթակառուցվածքներ եւ, իհարկե, սոցիալական ապահովության խնդիրները թույլ դասակարգի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Վահրամ Ներսիսյանցը՝ հավելելով, որ հենց հարկերի հավաքագրման ցածր մակարդակն է, որ պետությանը ստիպում է վերստին դիմել արտաքին դոնորների օժանդակությանը. - «Արտասահմանյան աղբյուրները պետք են անցումային ժամանակ: Բայց մենք չպետք է մնանք այդպիսի կախյալ վիճակի մեջ եւ չապահովենք մեզ ռեսուրսներով: Մեր ռեսուրսներով հնարավոր պիտի լինի, որ կարողանանք այդ բոլորը հոգալ»:

Մեր հարկային օրենսդրությունը բավականին առաջադիմական է, ինչի մասին վկայում են տարբեր հեղինակավոր միջազգային կառույցների գնահատականները։ Մյուս կողմից, տնտեսության ստվերայնության մակադակը բարձր է, քանի որ գործարարների մի մասը, իհարկե՝ պետական պաշտոնյաների թողտվությամբ, խուսափում հասանելիք հարկերը վճարելուց։ Այսինքն՝ փոխադարձ շահագրգռությունն առկա է. գործարարն ավելի քիչ հարկ է վճարում, իսկ պաշտոնյան՝ կաշառք շորթում։ Այս պայմաններում արդյոք ե՞լք է հարկային օրենսդրության քրեականացումը, այսինքն՝ հարկեր չվճարելու համար նախատեսված քրեական պատիժների խստացումը, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները բոլորովին վերջերս ընդունեց Ազգային ժողովը։ Այս դիտարկմանը Ներսիսյանցը արձագանքեց. - «Ճիշտ քաղաքականություն չի լինի գործարարներին հալածելը կամ գործարարների հանդեպ հալածման քաղաքականություն վարելը: Նրանց պիտի առաջնորդել օրենքի սահմանները. նրանց խնդիրը հարկերին հնազանդվելն է: Եթե գործարարը միտումնավոր կերպով օրենքը խախտում է՝ իհարկե օրենքի հանդեպ նա մեղավոր է եւ պիտի իր խնդիրը լուծել հարկերը վերադարձնելով: Այսինքն՝ հարկային պարտականությունները իր կողմից նա պիտի բավարարի»:

Իսկ պաշտոնները չարաշահող հարկային ու մաքսային ծառայողների նկատմամբ քրեական պատժամիջոցները, ըստ Ներսիսյանցի, պետք է ուժեղացնել. - «Տեսնում եմ, սակայն, կրիմինալ խնդիր պետական այն պաշտոնյաների կողմից, որոնք ստեղծում են այն պայմանները, որ գործարարները շրջանցում են հարկերը: Այդտեղ ես տեսնում եմ քրեածին երեւույթ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG