Մատչելիության հղումներ

Նուրղալիեւ. «Ռուսաստանում ռասիզմի եւ անհանդուրժողականության մթնոլորտ չկա»


Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրղալիեւը այսօր Երեւանում լրագրողներին ասել է, թե իրականությանը չեն համապատասխանում հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումները Ռուսաստանում ստեղծված ռասիզմի եւ անհանդուրժողականության մթնոլորտի մասին:

Նուրղալիեւը լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համատեղ կոլեգիայի հերթական 7-րդ նիստում նիստի ավարտին, որտեղ քննարկվել են անօրիանական միգրացիան կանխելուն, տնտեսական հանցագործությունների դեմ համատեղ պայքար ծավալելուն առնչվող հարցեր:

Նշելով, որ ծանոթացել է հայաստանյան մամուլի հրապարակումներին վերջին շրջանում Ռուսաստանում հայերի նկատմամբ ավելի հաճախ դարձած բռնություններին վերաբերող հրապարակումներին, Ռուսաստանի ներքին գործերի նախարարը ասաց, որ «կեղծիք է եւ իրականությանը չի համապատասխանում», թե Ռուսաստանում ռասիզմի եւ անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծվել:

«Շատերն են փորձում Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունների մեջ սեպ խրել՝ սեփական քաղաքական նկատառումներով», - ասաց նա՝ ավելացնելով, որ իրոք այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 4 քացաքացի է սպանվել Ռուսաստանում: - «Սպանություններից երկուսը բացահայտվել են, բայց քննության ընթացքում որեւէ փաստ չի հայտնաբերվել, որը վկայեր, թե սպանությունները տեղի են ունեցել ազգային հողի վրա: Դրդապատճառները հիմնականում շահադիտական են»:

Նախարարը նաեւ հրապարակեց որոշ տվյալներ: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների դեմ կատարվել է 112 հանցագործություն (գողություն, ահաբեկչական հարձակում, սպանություն եւ կողոպուտ), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 11տոկոսով պակաս է: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանում ապրող Հայաստանի քաղաքացիները կատարել են 122 հանցագործություն:

Նուրղալիեւին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG