Մատչելիության հղումներ

«Պոետի վերադարձը»՝ Կարլովի Վարիի կինոփառատոնում


Կինոռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը հունիսի 30-ից հուլիսի 8-ը կմասնակցի Կարլովի Վարիի ամենամյա միջազգային կինոփառատոնին՝ վավերագրական ֆիլմերի մրցութային անվանակարգում:

Ֆիլմը ժամանակակից կյանքի վավերագրական ուսումնասիրություն է, նկարագրում է Ջիվանու արձանի կերտումը եւ տեղափոխումը Երեւանից դեպի Ջիվանու ծննդավայր Ջավախք: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա փետրվարին Ռոտերդամի կինոփառատոնում:

2003 թվականին Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» ֆիլմը նույն՝ չեխական կինոփառատոնում ստացել է 2-րդ մրցանակ: Ռեժիսորը հպարտ է, որ իր ֆիլմերից եւս մեկը կմասնակցի Եվրոպայի հնագույն եւ լավագույն կինոփառատոններից մեկին:

«Ինձ համար մեծ հպարտություն է ոչ միայն իբրեւ ռեժիսոր, այլեւ իբրեւ հայ մարդ, հայ կինեմատոգրաֆիստ, որ ֆիլմս պրեմիերայից հետո զուգահեռաբար մրցույթի մեջ է լավագույն կինոփառատոններում՝ Մարսելում, Լեհաստանում, Էդինբուրգում, Սանկտ֊-Պետերբուրգում եւ Կարլովի Վարիում»:

Իսկ մինչ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» պատրաստվում է բարձրանալ Կարլովի Վարիի կինոփառատոնի էկրան, այստեղ՝ Հայաստանում արդեն քաշում են ծիրանի օղի՝ հատուկ «Ոսկե ծիրան» երեւանյան 3-րդ միջազգային կինոփառատոնի համար: Մենք, լրագրողներս, կհամտեսենք ծիրանի օղին, մինչդեռ կինոփառատոնի բացման եւ փակման արարողությունները կդիտենք ոչ թե դահլիճում, այլ Շարլ Ազնավուրի անվան հրապարակում՝ մամուլի համար տեղադրված հատուկ կինոէկրանին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG