Մատչելիության հղումներ

Նրանք պաշտպանում են Հայաստանի օդային տարածքը


Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում, որն ավելի հայտնի է «Չոբանկարայի զորամաս» անունով, պատրաստում են մասնագետներ, ովքեր ուշի-ուշով պետք է հսկեն Հայաստանի օդային սահմանները եւ հարկ եղած դեպքում վերացնեն այդ տարածքում հայտնված հակառակորդի ինքնաթիռներն ու հրթիռները:

Զորամաս հասնելուն պես նկատում ենք նորակոչիկներին, որոնք փորձում են զինվորական քայլք սովորել, մնացած, այսպես ասենք, փորձառու զինվորները դասասենյակներում են. սովորում են, թե ինչ տիպի են լինում հրթիռները եւ որ հրթիռը ինչ զենքով պետք է ոչնչացվի: Սակայն այն, ինչ նրանք սովորում են, ռազմական գաղտնիք է: Փոխարենը զինվորները պատմում են իրենց բանակային կյանքի եւ իրենց զգացումների մասին:

Ռոբերտին ծառայությունն ավարտելու համար մնացել է 5 ամիս: Նրա խոսքերով, սա թերեւս ամենադժվար շրջանն է: Տանը թողել է կիսատ ուսում, սիրած աղջիկ, ծնողներ ու ընկերական շրջապատ: «Շատ դժվար է, հիմա ամեն օրը, ամեն ժամը հաշվում ես, որ պիտի գնաս երկու տարով ընդհատված կյանքդ շարունակես, ինչքան մոտիկ ես երազանքիդ, էնքան դժվար է դիմանալը»,- ասում է Ռոբերտը:

Նրա խոսքերով, բանակային կյանքին սկսում ես հարմարվել կես տարի հետո միայն, երբ օրվա ռեժիմն արդեն դառնում է սովորություն, իսկ ստամոքսը սովորում է բանակային սննդին:

Հաց, հնդկաձավարով շիլա, կարտոֆիլով սալաթ եւ մսով ապուր՝ մեր այցելության ժամանակ հենց այս էր պատրաստվում խոհանոցում:

Զինվորները սննդից չեն դժգոհում: «Կարեւորը սոված չենք մնում, բայց դե կարոտում ենք տան կերակուրները», - ասում է զինծառայող Մուշեղը:

Զինվորների համար կերակուր պատրաստող Գայանեն ասում է, որ զինվորների ամենասիրած ուտելիքը ոսպով ապուրն է: Սակայն թե ինչ պիտի ուտեն զինվորները, Գայանեն չի որոշում: «Զինվորական ճաշացուցակը կազմում է պարենային ծառայության պետը, հաստատում է թիկունքի պետը, վերջինս ճաշացուցակը համաձայնեցնում է բժշկի հետ, իսկ վերջում ճաշացուցակը հաստատվում է զորամասի հրամանատարի կողմից:

«Ներառում ենք այնպիսի մթերքներ, որ օրաբաժինը պարունակի 2800- 3200 կիլոկալորիա», - ասում է պարենային ծառայության պետ Արթուր Եղիազարյանը:

Զինվորի համար ամենադժվարը կարոտը հաղթահարելն է, հենց սա է ստիպում զինվորին ապօրինի լքել բանակը, այսպես ասած, «սամովոլկա» գնալ: Բնականաբար, հրամանատարների մոտ նման բաներից խոսել չի կարելի, սակայն զինվորներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, այնուամենայնիվ, պատմեց մի դեպք իր բանակային կյանքից: «Առաջին անգամ «սամովոլկա» գնացի բանակ գալուս 20-րդ օրը: Չէի դիմանում, գնացի ընկերուհուս տեսա, դրանից հետո էլի շատ եմ գնացել, բայց առաջին անգամն ուրիշ էր»:

Անցնում է երկու տարին, որոնց ընթացքում, զինվորների խոսքերով, «սովորում ես ավելի լավ ճանաչել մարդկանց, իսկ կարոտի զգացումը մեղմում են «դրսից» ստացված նամակները, որոնք գրեթե միշտ ավարտվում են «կարոտել եմ, սպասում եմ վերադրաձիդ» խոսքերով»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG