Մատչելիության հղումներ

Դիտարկման ընթացքում «հրդեհման դեպքեր չեն արձանագրվել»


Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկով այսօր Աղդամի հատվածում ԵՍՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի երեք դաշտային օգնականների անցկացրած դիտարկման ընթացքում բնակավայրերի հրդեհման դեպքեր (ինչպես պնդում են ադրբեջանցիները) չեն արձանագրվել:

Դիտարկումն անցկացվել է հայ-ադրբեջանական շփման գոտում եւ այն տարածքներում, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հրդեհվում են բնակավայրեր ու անտառային ծածկույթներ:

Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դիտարկման արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Մեր աշխատակիցները, որոնք ուղեկցում էին ԵԱՀԿ աշխատակիցներին, չեն հաստատել, որ որեւէ բնակավայր հրկիզվել է», - ասաց Մայիլյանը: - «ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները իրենց հաշվետվության մեջ կակնարկեն, թե ինչ են տեսել, ինչ չեն տեսել, բայց ԼՂՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, որոնք ուղեկցում էին խմբին, ինձ ասացին, որ այդպիսի փաստ չի արձանագրվել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG