Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում քննարկվելու է Ղարաբաղի հարցը


Այսօր Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտում տեղի է ունենալու քննարկում «Ղարաբաղյան հակամարտություն. խաղաղության հեռանկարներ» թեմայով: Հիմնական բանախոսներն են Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:

Քննարկման հարցադրումներ են՝ արդյո՞ք չի սպառվել խաղաղության համաձայնագրի կնքման համար տրված ժամանակը, ի՞նչ նախադրյալներ են անհրաժեշտ բանակցային գործընթացը ավարտին հասցնելու եւ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ինչպե՞ս Միացյալ Նահանգները կարող է նպաստել այս գործընթացին, ինչպե՞ս են լուծվելու հազարավոր հայ եւ ադրբեջանցի փախստականների խնդիրները, ի՞նչ դասեր կարելի է քաղել հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից:

«Այցը վաղուց էր նախատեսված եւ որեւէ կերպ կապված չէր վերջին իրադարձությունների հետ: Երեկ մենք ժամանեցինք Վաշինգտոն եւ ընդամենը մի քանի ժամ հետո ԼՂՀ ներկայացուցչությունում կայացավ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աշոտ Ղուլյանը եւ հավելեց. - «Մեզ համար հանդիպումը ճանաչողական էր, իրար ասելու շատ բաներ ունեինք: Կարծում եմ, հաջողվեց կատարել տեղեկատվության նախնական փոխանակումը»:

Դիտարկմանը, թե Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնեցրել են [Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ] հանրաքվեի խնդիրը, ինչին ղարաբաղյան կողմը միշտ դեմ է արտահայտվել, Աշոտ Ղուլյանը արձագանքեց. - «Կարծում եմ, Հայաստանի արտգործնախարարը շատ հստակ է ասել, եւ մեկնաբանության կարիք չկա»:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG