Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում անընդունելի են համարում Մինսկի խմբի նոր համանախագահի գաղտնազերծած առաջարկությունները


Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի գաղտնազերծած հիմնական դրույթները անընդունելի են համարում:

«Ազատություն» ռադիոկայանի զրուցակիցների մեծամասնության կարծիքով, Բրայզայի գաղտնազերծածը «սկզբունքորեն որեւէ նորություն չի պարունակում»: Ներկայացված սկզբունքները այսպես թե այնպես հայտնի են եղել. նախ դուրս բերել հայկական զինված ուժերը, տեղակայել խաղաղապահ ուժեր, իսկ հետո՝ ինչ-որ հարմար պահի լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

«Առաջին անգամ համանախագահը (Մեթյու Բրայզան) համակարգված է ներկայացնում այն ամբողջ տեղեկատվությունը, ինչ կարելի էր քաղել տարբեր աղբյուրներից՝ առանձին բաղադրիչներով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով. - «Կարգավորման այն սկզբունքները, ինչ ներկայացնում է ամերիկյան նորանշանակ համանախագահը, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշմանը»:

Աթանեսյանի խոսքերով, այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը բաց տեքստով գաղտնազերծել է բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի ուրվագիծը, հուշում է, որ «ինչ-որ առումով ճնշում գործադրելու փորձ է արվում»:

«Հակառակ պարագայում նախագահները ինչ-որ համաձայնության կարող էին արդեն իսկ հանգել», - փաստարկեց նա՝ հավելելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանության մասնակցության ձեռք բերված որեւէ համաձայնություն իրոք չի կարող գործել, եւ «այդ սկզբունքը պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում»:

«Իմ անձնական տպավորությունը, ցավոք, այն է, որ ամերիկյան համանախագահի հայտարարությունը ավելի շատ ուղղված է հայկական հանրությանը, որովհետեւ կարգավորման այդ սկզբունքները լիովին համապատասխանում են Ադրբեջանի շահերին», - շարունակեց Վահրամ Աթանեսյանը: - «Խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտի հանդիսացող տարածքները միանշանակ վերադարձնելուն, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով»:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG