Մատչելիության հղումներ

Երեկվա սպանությունների հետաքննությունը շարունակվում է, ձերբակալվածներ չկան


Մալաթիա-֊Սեբաստիա համայնքում երեկ կատարված սպանություններից հետո հարուցված գործով հետաքննությունը շարունակվում է, ձերբակալվածներ չկան: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա վկայությամբ, քրեական գործը հարուցված է երկու հոդվածով՝ 2 կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ զենքի ապօրինի ձեռք բերում ու պահում:

Երեկ Մալաթիա֊-Սեբաստիա համայնքում հրազենից սպանվել են Երկրապահ կամավորականների միության տեղի կառույցի ղեկավար Սեդրակ Զատիկյանը եւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը:

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ հարցաքննվել են բազմաթիվ ականատես վկաներ, մշակվել են բոլոր հնարավոր վարկածները: Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 24 պարկուճ, որոնք արձակվել են նույն զենքից:

Քննչական օպերատիվ խմբում ներգրավվել են ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության փորձառու աշխատակիցները:

Երեւանում այսօր շրջանառվում են տարբեր անուններ, խոսվում է այն միջադեպերի մասին, որոնց հնարավոր շարունակությունը կարող էր լինել երեկվա դեպքը: Դրանցից մեկը տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 1-ին: Այդ օրը Սեդրակ Զատիկյանը եւ նրա եղբայրը վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էին հասցրել քաղաքացիներ Նարեկ Խաչատրյանին եւ Վարդան Հակոբյանին: Վերջինս Ազգային Ժողովի պատգամավոր, «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր տղան է: Պատգամավորը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց երեկվա սպանության եւ տարիներ առաջ տեղի ունեցածի հնարավոր կապը:

Շրջանառվում են նաեւ լուրեր, թե երեկվա սպանության հետ կարող են առնչություն ունենալ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներից ոմանք, ովքեր մասնակցել էին երեք տարի առաջ Նուբարաշենի խճուղում կատարված սպանությանը: Լուրեր են պտտվում, թե Սեդրակ Զատիկյանի եւ գործարար պատգամավորի ազգականների միջեւ որոշակի լարվածություն է եղել: Սամվել Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նույնպես հերքեց իր մերձավորների հնարավոր մասնակցությունը երեկվա սպանությանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG