Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իմ իրավունք» թերթը «Մինչ իրավապահները ծառ են տնկում, բանդիտները լկտիանում են» վերնագրով խմբագրականում փաստում է. - «Այն սանձարձակ ու նաեւ՝ հերթական սպանությունները, որոնք երեկ, օրը ցերեկով կատարվեցին Երեւանի Մալաթիա֊ - Սեբաստիա համայնքում, ընդամենը եկան ապացուցելու, որ մեր երկրում իսկական ավազակները, բանդիտներն ու մարդասպաններն իրենց անպատիժ են զգում: Ու այդ անպատժելիության մթնոլորտում ոչ մի քաղաքացի անգամ չնչին երաշխիք չունի, որ, ասենք, այսօր կանգառում «մարշրուտկա»-֊ի սպասելիս անմեղ տեղը զոհ չի գնա ավտոմատներով հարաբերություններ պարզող հանցագործներից մեկնումեկի արձակած կրակահերթին կամ նետած նռնակին»:

Իսկ «Չորրորդ իշխանություն»֊-ը այսպես է արձանագրում. - «Ամենաարտառոցն այն է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Մալաթիա - ֊Սեբաստիա համայնքի դատախազության շենքից 10-֊15 մետր հեռավորության վրա, ինչը եւս մի անգամ վկայում է, որ հանցագործ աշխարհի համար իրավապահ համակարգը այլեւս ձեւական բնույթ է կրում»:

Հովհաննես Հովհաննիսյանը, որն առաջ գլխավորում էր Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգում, «Այբ-֊Ֆե» թերթի հարցազրույցում փաստում է. - «Հայաստանն այսօր, կոպիտ ասած, «իզգոյ» երկրի կարգավիճակ ունի, եւ Հայաստանը իր առանց այն էլ Եվրոպայում ունեցած թույլ հեղինակությունը կորցնում է նաեւ Եվրախորհրդում, եւ այդ կառույցի սիմպատիաները իրականում անցնում են Ադրբեջանին»:

«Խանջյան 41. այս հասցեն կարծես թե սկսում է դառնալ ճակատագրական», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Ժամանակին այս հասցեում էր տեղակայված Արտաշես Թումանյանի «Նոր երկիր» կուսակցության գրասենյակը, որը անհասկանալի հանգամանքներում փակվեց։ Խանջյան 41 հասցեն «Նոր երկիր»-ից հետո վարձակալեց «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը։ Եվ չնայած այս մի կուսակցության նախաձեռնողների պնդումներին, թե իրենց ոչ մի նավս չի կպնի, պատմությունը, կարծես, կրկնվում է։ Այս երեքշաբթի օրը «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, խորհրդարանի֊ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն իր գործավարի միջոցով գրասենյակի պերսոնալին տեղակացրել է, որ առժամանակ կուսակցությունն անցնում է պասիվ աշխատանքային ռեժիմի, եւ եթե իրենք անհրաժեշտ լինեն, ապա իրենց զանգով կկանչեն։ Համենայնդեպս, երեկ Խանջյան 41 հասցեում գտնվող կուսակցության գրասենյակը փակ էր»:

«Առավոտ»-֊ը խմբագրականում գրում է. - «Օրերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հանդիպելով Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիին, կարծիք հայտնեց, որ հեռուստաընկերությունները մեր երկրում չափից դուրս շատ են: Ցանկացած լավ ղեկավար պետք է մտահոգվի իր ստորադասների աշխատանքային ծանրաբեռնվածությամբ եւ ջանք թափի, որ աշխատանքի այդ ծավալը չափից դուրս մեծ չլինի: Տվյալ դեպքում մտահոգության առարկան նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն է, ում վտիտ ուսերի վրա է դրված ամբողջ 17 հեռուստաընկերությունների վերահսկման ու գրաքննության պարտականությունը: Պարոն Գեւորգյանը, իր կարեւոր պետական գործերը (մասնավորապես՝ էլիտար շինարարությունը) թողած, ստիպված է զանգել 17 հեռուստաընկերությունների ղեկավարներին եւ «խիստ նկատողություններ» հայտարարել: Կարող է հարց առաջանալ՝ իսկ որտեղի՞ց է պարոն Գեւորգյանն իմանում այս կամ այն հեռուստաընկերության «զանցանքի» մասին: Մի՞թե նրա աշխատասենյակում 17 հատ հեռուստացույց է դրված: Իհարկե՝ ոչ: Բայց, բարեբախտաբար, Հայաստանում բազմաթիվ զգոն քաղաքացիներ կան: Եվ այդ քաղաքացիների առաջին շարքերում են հենց հեռուստաընկերությունների ղեկավարները, որոնք «իրար տակ փոս են փորում»: Նրանք զանգում են ՀՀ նախագահի աշխատակազմի բազմազբաղ ղեկավարին եւ բողոքում. «Այ, դու մեզ արգելում ես, իսկ ահա Պողոսի կամ Պետրոսի եթերում հայտնվել է Կիրակոսը եւ այնպիսի՜ բաներ է ասել շեֆի մասին...»: Չէ, հիրավի, պարոն Գեւորգյանը կարեկցանքի է արժանի, եւ նրա գործը թեթեւացնելու համար պետք է կրճատել հեռուստաընկերությունների քանակը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG