Մատչելիության հղումներ

«Նոր հայացք»֊-ը մեկ տարեկան է


Թերթը միակ տպագիր պարբերականն է, որն ամբողջությամբ երիտասարդությանն է նվիրված, երիտասարդության հարցերն է բարձրացնում, նրան հուզող խնդիրներին է անդրադառնում: «Նոր հայացք»-֊ի էջերում լուսաբանվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ու Ջավախքի երիտասարդներին հուզող հարցերը: Սա հաջողվում է անել տեղերում սեփական լրագրողներ ունենալու շնորհիվ:

Թերթի խմբագիր Նարինե Գալստյանն ասում է, որ երիտասարդների թերթի անվան ընտրությունը ինքնանպատակ չէ. թերթը խնդիրների լուծման նոր ուղիներ ու գաղափարներ է առաջ քաշում:

Առաջին համարները ցույց են տալիս, որ հետաքրքրությունը թերթի նկատմամբ սպասվածից ավելի է, ուստի նախատեսված 1000 օրինակը դառնում է 2 հազար, իսկ 8 էջը՝ 10 էջ: Այն, որ թերթն իր մշտական ընթերցողներն ունի, ապացուցում են բաժանորդագրություններն ու խմբագրությանն ուղղված էլեկտրոնային նամակները:

Նարինե Գալստյանն ասում է, որ թերթը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության, Դիվանագետների կանանց ասոցիացիայի եւ այլ կառույցների հետ:

«Նոր հայացք»-ի կայացման գործում ոչ պակաս կարեւորություն ունեն նրա գործընկերները լրատվական դաշտում: «Մաքս Լիբերթի»֊-ն եւս նրա գործընկերներից է, որի լավագույն նյութերը կարելի է կարդալ «Նոր հայացք»-ի էջերում:

Իր առաջին տարեդարձի օրը երիտասարդական թերթը ոչ միայն նվերներ ստացավ, այլեւ ինքը երախտագիտություն հայտնեց իր գործընկերներին՝ հատուկ նրանց համար նախատեսված վկայագրերով: «Լավագույն լրատվական գործընկեր» վկայագրի արժանացավ նաեւ «Մաքս Լիբերթի»-֊ն:

Մթնոլորտը տոնական էր, բարեմաղթանքները՝ առատ, իսկ ցանկությունն էլ այն, որ «Նոր հայացք»-ը բազում նման հոբելյաններ տոնի:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG