Մատչելիության հղումներ

Ցեղասպանության շուրջ բանավեճից հետո հեռացվել է ԱՄՆ-ի հանրային հեռուստատեսության փոխնախագահը


Այս ամսվա վերջին ԱՄՆ-ի Հանրային հեռարձակման ծառայության (Public Broadcasting Service - PBS) փոխնախագահի պաշտոնին հրաժեշտ կտա Ջեքոբա Էթլասը:

Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ պատճառը այս տարվա ապրիլի 17-ին PBS-ով Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ժապավենի ցուցադրումից հետո Հայոց ցեղասպանության թեմայով բանավեճի եթեր հեռարձակումն է: Հայկական կողմը պնդում էր, որ Ցեղասպանության փաստի վիճարկումը անթույլատրելի է: Սակայն Էթլասը պնդեց, թե բանավեճը անհրաժեշտ է, եւ այն եթեր հեռարձակվեց ԱՄՆ-ի մի շարք նահանգներում: Իսկ երբ Էթլասը հայտարարեց, թե «հայկական եւ հրեական ցեղասպանությունները համանման փաստեր չեն», «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը իր հրապարակումներով իշխանություններին կոչ արեց պաշտոնից ազատել Էթլասին:

Հարցի շուրջ Կոնգրեսի անդամների բողոք-նամակի անտեսումը Էթլասի կողմից մեծապես վնասեց PBS-ին: «Այդ մերժումը բավական թանկ նստեց կայանի վրա, որովհետեւ Կոնգրեսը ամեն տարի մի քանի հարյուր միլիոն դոլար կառավարական ներդրում է կատարում, եւ անցյալ շաբաթ որոշում կայացվեց, հիմնականում քաղաքական պատճառներով, կրճատել 2007 թվականի բյուջետային հատկացումը PBS-ին եւ լրիվ վերացնել 2008 թվականի հատկացումը», - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց Հարութ Սասունյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG