Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ն արդեն դիմումներ է ընդունում


«Գոնե նախորդ տարվա շրջանավարտները շուտ ներկայանան, քանի որ այս տարվա շրջանավարտները ավարտական վկայական ուշ են ստանալու եւ ստիպված են համեմատաբար ուշ ներկայացնել իրենց գործերը»,- ասում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Դիմորդներից շատերը կարծում են, որ դիմումն ուշ ներկայացնելու դեպքում ընդունելության քննություններն էլ ուշ կհանձնեն, մինչդեռ կանոնակարգում նշված է, որ քննությունների ժամանակացույցը կախված չէ դիմումները ներկայացնելու օրից: Վաչագան Գալստյանը եւս հավաստիացնում է, որ քննությունների օրերը որոշում է հաշվիչ կենտրոնը՝ խառը սկզբունքով:

Այս տարի էլ դիմորդները իրավունք ունեն հայտագրել 4 անվճար եւ 4 վճարովի մասնագիտություններ, ինչպես նաեւ լրացուցիչ վճարովի մասնագիտություններ՝ առանց տարկետման իրավունքի:

Դիմում ներկայացնելու կարգում արմատական փոփոխություններ չկան, միակ փոփոխությունը արտոնություններից օգտվող խմբի համար է: Զոհված ազատամարտիկների երեխաները, 1-ին, 2-րդ կարգի, մինչեւ 18 տարեկան հաշմանդամ եւ ծնողազուրկ մինչեւ 23 տարեկան դիմորդները նախորդ տարիներին անվճար համակարգում էին հայտնվում ընդունելության քննություներից դրական միավոր հավաքելու դեպքում, այս տարի պետության պահուստային տեղերի հաշվին անվճար ուսում ստանալու համար նրանք պետք է հաղթահարեն վճարովի համակարգի անցողիկ շեմը:

Այս տարի մեդալի հավակնող 127 թեկնածուներից կենտրոնացված քննությունները հաջողությամբ հաղթահարել է 86 շրջանավարտ: Նրանք արդեն մեդալի պոտենցիալ հավակնորդներ են, թեեւ այս տարի էլ չի գործելու մեկ քննությամբ բուհ ընդունվելու արտոնությունը:

Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ը:

Կրթության նախարարությունը դեռ քննարկում է ընդունելության քննությունների ժամանակ հավատարմագրված լրագրողների աշխատանքը համակարգելու հարցը: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը իր պաշտոնավարման առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս տարի նախարարությունը աշխատելու է թափանցիկ: Ըստ որոշ աղբյուրների՝ այս տարի լրագրողները ներկա են գտնվելու քննություններին ոչ թե իրենց ցանկությամբ, այլ վիճակահանությամբ: Ընդունելության քննություններին կրթության եւ գիտության նախարարը խոստացել է անդրադառնալ առաջիկա հատուկ ասուլիսի ընթացքում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG