Մատչելիության հղումներ

Կառավարությունը փորձում է լրացնել մարզերի թափուր աշխատատեղերը


Կառավարության այսօրվա նիստում ընդունված մի շարք որոշումներով փորձ է արվում առավել դյուրին դարձնել գործազուրկ մարդկանց աշխատանքի տեղավորումը։ Այդ նպատակն է հետապնդում, մասնավորապես, այլ բնակավայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի փոխհատուցման կարգը։

Նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ասաց, որ այս որոշումը նպատակ ունի օգնել գործազուրկ մարդկանց՝ ցանկության դեպքում զբաղեցնել իրենց գրանցման վայրից զգալիորեն հեռու, հիմնականում հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերի թափուր աշխատատեղերը:

«Մենք կարծում ենք, որ դա կխրախուսի գործազուրկներին, որպեսզի թափուր աշխատատեղեր լինելու պայմաններում նրանք մեկնեն այլ վայր աշխատանքի», - հավելեց նա:

Նոր աշխատավայր տեղափոխվելու համար գործազուրկները նախ փոխհատուցում կստանան միկրոավտոբուսային կամ ավտոբուսային ուղեւորափոխադրումների տոմսերի արժեքի չափով, ինչպես նաեւ՝ որոշակի փոխհատուցում գույքի տեղափոխման ծախսերի դիմաց:

«30-50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նոր աշխատատեղ անձնական գույքը տեղափոխելու համար կտրվի մինչեւ 10 հազար դրամի փոխատուցում, եւս 8000 դրամ կավելացվի նոր բնակավայրի յուրաքանչյուր 50 կիլոմետր լրացուցիչ հեռավորության դեպքում՝ այն հաշվով, որ գույքի տեղափոխման ընդհանուր փոխհատուցումը չգերազանցի 50 հազար դրամը», - պարզաբանեց նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ սա կօգնի, որպեսզի համալրվեն մարզերում եղած աշխատատեղերը։

Իհարկե, տրանսպորտային ծախսերը փոխհատուցելը կարեւոր է, երբ մարդը ցանկություն ունի, ասենք, Երեւանից մեկնել Տավուշի մարզի հեռավոր գյուղերը ու այնտեղ զբաղեցնել բժշկի, դեղագործի կամ ուսուցչի թափուր աշխատատեղը։ Սակայն, առավել կարեւոր է, թե տեղ հասնելով մարդը որտեղ պետք է ապրի, բնակարանի վարձակալության ծախսը ինչպես պետք է հոգա, երբ աշխատավարձը շատ ցածր է:

«Բնակվարձի փոխհատուցման հնարավորություն պետությունն առայժմ չունի», - ասում է Պետրոսյանը ու հավելում, թե հնարավոր է նման փոխհատուցման ծախսեր, գոնե բնակության առաջին տարվա համար նախատեսվեն եկող տարվանից:

Փոխնախարարի խոսքերով, այժմ երկրում պաշտոնական գործազրկության մակարդակը 7,5 տոկոս է, պաշտոնապես գրանցված 90 հազար գործազուրկներ կան, իսկ աշխատանք փնտրում են 120 հազարը։ Չնայած դրան շուրջ հազար թափուր աշխատատեղեր կան (ավելի ստույգ` 513-ը Երեւանում եւ 438-ը այլ մարզերում): Հիմնականում սպասարկման ոլորտում աշխատողների, բանվորական մասնագետների կարիք կա:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG