Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները գնալով ավելի ու ավելի են հստակեցնում այն իրողությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում են կարգավորման սկզբունքների համաձայնեցում՝ մինչեւ հուլիսի 15-17-ին Սանկտ-Պետերբուրգում նշանակված Մեծ ութնյակի գագաթաժողովը», - գրում է «Հայոց աշխարհ»-ը: - «Կարծում ենք, ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա հանգրվանի հիմնական հանելուկը ամենեւին էլ նախագահների հնարավոր նոր հանդիպման հետ կապված մանրամասների մեջ չէ, այլ այն իրողության, որ երկու երկրների առջեւ կարգավորման սկզբունքների համաձայնեցման համար դրված է հստակ մեկամսյա ժամկետ։ Հենց այդ ժամկետների մեջ «տեղավորվելու» նպատակով էր, որ անհաջողությամբ ավարտված Ռոբերտ Քոչարյան - Իլհամ Ալիեւ բուխարեստյան հանդիպումից քիչ անց երկու երկրների արտգործնախարարները վերսկսեցին բանակցությունները»։

«168 ժամ»-ը շարադրում է. - «Հայաստանը գրեթե պաշտոնապես հայտարարված է որպես տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստ: Ավելին՝ Ռուսաստանը ներկայումս «փաստաթղթային ձեւակերպում» է տալիս այդ կարգավիճակին, այսինքն՝ իր սեփականությունն է դարձնում տնտեսության կարեւորագույն ոլորտները: Բայց այս ծրագրի գլխին սեւ ամպեր են կուտակված՝ ֆորպոստի բնակչությունը գնալով նվազում է: Ո՞ւմ է պետք այդպիսի ֆորպոստը, որը մի քանի տասնամյակ հետո կարող է ընդհանրապես դատարկվել: Բնականաբար, խնդիր է առաջանում «համալրել ֆորպոստի անձնակազմը»: Բայց ինչպե՞ս: Ելքը միակն է՝ Ռուսաստանում հայերին նեղել եւ հասկացնել, որ այդ երկիրը հայերի համար չէ: Ոնց էլ լինի, Ռուսաստանից հեռացող հայերի կեսը հենց Հայաստան կվերադառնա: Իսկ մենք զարմանում ենք, որ Ռուսաստանը որպես պետություն լրջագույն պրոբլեմներ ունի, ասենք, Վրաստանի հետ, բայց Մոսկվայի փողոցներում սպանում են ոչ թե վրացիներին, այլ հայերին: Զարմանալու բան չկա: Եթե տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստը Վրաստանը լիներ, Մոսկվայում վրացիներին կհալածեին, որպեսզի նրանք վերադառնան Վրաստան եւ համալրեն «ֆորպոստի անձնակազմը»»:

«Ազգային ժողովի փոխնախագահի տեղը, ըստ ամենայնի, թափուր կմնա մինչեւ աշուն», - կանխատեսում է «Առավոտ»-ը: - «Այսօր արդեն խորհրդարանի միջանցքներում խոսում են այն մասին, որ այդ տեղի ամենալավ թեկնածուն Հանրապետական խմբակցության անդամ, անկուսակցական Հրանուշ Հակոբյանն է: Սակայն զուտ քաղաքական հաշվարկներով ավելի հավանական է, որ այդ տեղը տրվի ՄԱԿ-֊ին՝ որպես իշխանական կոալիցիայի «նորընծա» երրորդ անդամի: Իսկ պատգամավորներից մեկը երեկ նայելով Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի մորուքներին, փորձեց կատակել՝ «Մի երրորդ մորուքավորի էլ թող գտնեն, նստեցնեն իրենց կողքին»:

«Երեկ կայացավ Լեռնային Ղարաբաղի 4-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը, որից հետո խորհրդարանականները գնացին արձակուրդի», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Պատգամավոր Գարիկ Գրիգորյանը անդրադարձավ «Հայաստան» հիմնադրամին: Նա նշեց, որ վերջերս նախագահ Արկադի Ղուկասյանը դժգոհել է հիմնադրամի կատարած աշխատանքների որակից: Ասվածի ճշմարտության մեջ համոզվելու համար, պատգամավորի խոսքերով՝ բավական է միայն տեսնել Հյուսիս - Հարավ մայրուղին: «Արդյո՞ք այդ կերպ մենք չենք վնասում գալիք մարաթոնից հավաքվելիք գումարների ճակատագիրը: Մի՞թե կառավարությունը վերահսկման որեւէ միջոց չունի», - հետաքրքրվեց պատգամավորը: Ի պատասխան քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանը հավաստիացրեց, որ կառավարությունը քննարկելու է Հյուսիս - Հարավ մայրուղու որակի հարցը: Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանն է»:

«Հայկական ժամանակ»֊-ը, վկայակոչելով իր աղբյուրները, բավական տխուր լուր է հայտնում, թե «ամերիկահայերից կազմված «System of a Down» խմբի անդամները մոտ ապագայում հայտարարելու են իրենց բաժանման, եւ այսպիսով նաեւ` խմբի դե ֆակտո լուծարման մասին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG