Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Մեթյու Բրայզան նշանակվել է Մինսկի խմբի համանախագահ»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-֊ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

«Ամերիկյան կողմը մեզ տեղեկացրել է, որ Սթիվեն Մաննին փոխարինելու է Մեթյու Բրայզան, եւ Վիեննայում հաստատվելուց հետո նա ամբողջությամբ կներգրավվի գործընթացում: Նա, հավանաբար, այցելություն կկատարի տարածաշրջան՝ ծանոթանալու հիմնական դերակատարների հետ»,֊ - ասաց Վարդան Օսկանյանը:

Խոսելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ երեկ Փարիզում կայացած բանակցությունների մասին, Վարդան Օսկանյանը փաստեց, որ «հանդիպման նպատակն էր՝ փորձել լրացուցիչ եզրեր գտնել այն հարցերում, որոնց շուրջ համաձայնության չէին եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»:

«Չեմ կարծում, որ դա մեզ հաջողվեց, համենայն դեպս օգտակար քննարկում էր, եւ շարունակություն կլինի»,֊ - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք նախագահների նոր հանդիպում չի սպասվում, Վարդան Օսկանյանը պատասխանեց. - «Եթե մի փոքր գոնե մերձեցում չլինի, հանդիպումը ուղղակի իմաստ չի ունենա: Չեմ կարող որեւէ բան կանխորոշել՝ նախագահները կորոշեն: Բայց նախարարների մակարդակով, կարծում եմ, լրացուցիչ հանդիպումներ կլինեն»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG