Մատչելիության հղումներ

Արթուր Մարգարյանը հերքել է Քենիայի իշխանությունների կողմից ներկայացված մեղադրանքները


Քենիայից արտաքսված Արթուր Մարգարյանը հերքել է այդ երկրի իշխանությունների կողմից ներկայացված մեղադրանքները:

«Ռոյթերզ» գործակալությանը Դուբայում տված հարցազրույցում Մարգարյանը, որն անցած շաբաթ եղբոր հետ արտաքսվել է Քենիայից, ասել է. - «Եթե իմ տանը ավտոմատներ եւ կեղծ անձնագրեր են հայտնաբերվել, ինչպես եմ ես ազատ նստել Դուբայում: Եթե ես մեղավոր եմ, տարեք ինձ դատարան, հետո էլ՝ բանտ»:

Հայազգի եղբայրները, որոնց քենիացի պատգամավորներից մեկը մեղադրել է վարձկան լինելու եւ ընդդիմության դեմ օգտագործվելու մեջ, ժխտում են մեղադրանքները՝ պնդելով, թե Քենիայում միայն գործարարությամբ են զբաղվել:

Նրանց վտարելուց հետո Քենիայի իշխանությունները հայտարարել էին, թե եղբայրների տան խուզարկության ժամանակ զենք են հայտնաբերել:

Մարգարյանը պնդում է, որ այդ զենքը ոստիկաններն են բերել իրենց տուն, եւ տանը տեղադրված տեսախցիկը կարող է վկայել, որ հայտնաբերվել է ընդամենը երեք զրահաբաճկոն եւ 2700 դոլար:

Մարգարյանը հայտարարել է, որ խզում է բոլոր կապերը Քենիայի հետ, որտեղ քաղաքական գործիչները եւ պաշտոնյաները մշտապես կաշառք են պահանջել իրենից:

«Նրանք ծովահեններ են, նրանք կարող են գալ քո տուն եւ սպանել քեզ: Շատ դժվար է ապրել մի վայրում, որտեղ ամեն ինչ սկսվում եւ վերջանում է կաշառքով»,֊ - ասել է Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG