Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-֊ը, շարունակելով պնդել, որ ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ֊-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, մեկնաբանում է. - «Ամերիկյան դիվանագիտական խոհանոցին քաջածանոթ մեր աղբյուրների պնդմամբ՝ Բրայզայի նշանակումը այդ պաշտոնում միայն մեկ բան է վկայում, որ ԱՄՆ-ը «խաչ է քաշել» 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունների վրա եւ իր հայացքն ու ջանքերն այլեւս ուղղում է դեպի Հայաստանի ներքաղաքական արենա: Ըստ այդմ, թեեւ դե յուրե Բրայզայի մանդատը ներառելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, սակայն դե ֆակտո նա զբաղվելու է Հայաստանի ներքաղաքական հարցերով՝ շարունակելով վերջերս իր այցելության եւ հանդիպումների ընթացքում սկսած աշխատանքը: Ի դեպ, ինչպես նշված է ԱՄՆ-֊ի պետքարտուղարության պաշտոնական էջում, Բրայզան 1989-1991 թվականներին աշխատել է Լեհաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատանը, որտեղ աջակցել է «Սոլիդարնոստ» շարժմանը»:

«Ազգ»֊-ը փորձում է կանխատեսել ղարաբաղյան գործընթացի մոտակա հեռանկարները. - «Ամենայն հավանականությամբ միջնորդները կշարունակեն ուժեղացնել ճնշումը կողմերի վրա՝ պահանջելով նրանցից ստորագրել գոնե հակամարտության կարգավորման սկզբունքային դրույթների վերաբերյալ որեւէ փաստաթուղթ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կողմերին, այդուհանդերձ, կպարտադրվի: «Հնարավորությունների պատուհանի» մասին խոսելիս համանախագահողները հենց դա նկատի ունեն, եւ զարգացումները կարծես թե գնում են այդ ուղղությամբ»:

«Առավոտ»-֊ն այսօր գրում է. - «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը երեկ հայտարարությամբ առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին. - «Դուք վաղուց արդեն պետք է գիտակցեիք, որ Հայաստանի Հանրապետությունում այլեւս անելիք չունեք, սպառել եք ձեզ: Ուստի, կարծում եմ, ճիշտ կլիներ վերցնեիք ձեր հովանու ներքո գործող բոլոր տեսակի միկաներին, ֆլեշներին, գոշ֊գազերին ու մնացած անօրեններին եւ ձեռք ձեռքի բռնած գնայիք ու Ղարաբաղում հիմնեիք «Բարգավաճ Ղարաբաղ» կուսակցություն: Միաժամանակ օգնեիք Ղարաբաղի նախկին դատախազ Մավրիկ Ղուկասյանին, որ նա էլ իր հերթին հիմներ «Միավորում հանուն Ղարաբաղի» անվանումով մեկ ուրիշ կուսակցություն»:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Հայոց աշխարհ»-֊ում փաստում է. - «Այս տարի լրանում է ԱՄՆ-֊ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 150-ամյակը։ Կարծում եմ՝ մեր ժողովուրդը չի մոռացել, որ այս նախագահը դասվում է հայ ժողովրդի բարեկամների շարքը։ Թեպետ նա ընդամենը պահպանեց արդարությունը եւ առաջին անգամ փաստաթղթի ձեւով ձեւակերպեց Արեւմտյան Հայաստանի սահմանները։ Այսինքն՝ տեղադրելով այն ոչ թե Թուրքիայի ադմինիստրատիվ վիլայեթների սահմաններում, այլ գծելով պետական սահման, որը հաստատվեց Սեւրի դաշնագրով։ Այլ հարց է, որ այդ դաշնագիրն ուժի մեջ չմտավ, իսկ Վիլսոնն ունեցավ կոնֆլիկտ ԱՄՆ֊-ի Կոնգրեսի հետ։ Եվ արդեն թուրք-բոլշեւիկյան համաձայնագրի արդյունքում մենք կորցրինք ոչ միայն այդ, այլ նաեւ ուրիշ տարածքներ։ Սակայն այդ մարդու հիշատակը հավերժացնելու միջոցառումներ անհրաժեշտ են»:

Նույն թերթը ֆուտբոլային այս օրերին անդրադարձել է ֆուտբոլ֊-քաղաքականություն կապին: «Ֆուտբոլային ընտրություններ տեղի են ունեցել բազմաթիվ երկրներում», - գրում է թերթը: - «Իտալիայում արդեն նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի իշխանության գալուն նպաստեց իր կուսակցությունը «Հառա՛ջ, Իտալիա» անվանելու որոշումը։ Հենց այդպես է թարգմանվում իտալացի ֆուտբոլային երկրպագուների մարտակոչը, իսկ իր կուսակցության պատգամավորներին Բեռլուսկոնին անվանում էր Azzuri` ի պատիվ ազգային հավաքականի։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բեռլուսկոնին խոստանում էր դարձնել Իտալիան նույնքան փայլուն, որքան «Միլան» ֆուտբոլային ակումբն է։ Ներկայիս աշխարհի առաջնությունը առավել խոր անդրադարձ կարող է ունենալ Մեքսիկայի քաղաքական կացության վրա. երկիրը խենթանում է ֆուտբոլի համար, իսկ հուլիսի 2-ին այնտեղ ընտրություններ են։ Եթե մինչ այդ մեքսիկական հավաքականը դուրս չմնա առաջնության պայքարից, դա մեծապես կօգնի գործող իշխանություններին»։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG