Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ». «Հայկական տնտեսությունը՝ Ռուսաստանի խաղադաշտ»


Lոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական հավելվածը ամփոփել է Հայաստանի տնտեսական դաշտում ընթացող վերջին զարգացումները`պնդելով. - «Տարեցտարի հայկական շուկայում ավելի ու ավելի ծանրակշիռ դիրք են զբաղեցնում ռուսական բիզնես կառույցները»:

Հունական OTE-ի՝ հայկական շուկայից հեռանալուց հետո կմնա ընդամենը մեկ խոշոր ոչ ռուսական օտարերկրյա ներդրող՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփականատեր գերմանական «Կրոնիմետ» ընկերությունը», - գրում են «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները:

Lոնդոնյան հետազոտական խմբի ներկայացուցիչները նաեւ հիշեցնում են, որ 2005 թվականին ուղղակի օտարերկյա ներդրումների ընդհանուր ծավալի 50 տոկոսը բաժին էր ընկնում հենց OTE-ին եւ «Կրոնիմետ»-ին: Բրիտանացիները կարծիք են հայտնում, թե արդեն հայտնի է, որ հեռահաղորդակցության ոլորտի ռուսաստանյան միանգամից մի քանի առաջատարները՝ այդ թվում «Վիմպելկոմ»-ն ու MTC-ը դեմ չէին լինի գնել ստացիոնար կապի 600 հազար եւ բջջային հեռախոսակապի 320 հազար բաժանորդ ունեցող «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի վերահսկիչ՝ 90-տոկոսանոց փաթեթը:

«Էկոնոմիստ»-ի հավելվածը նաեւ հիշեցնում է, որ այսօր հենց ռուսական խոշոր ընկերություններն են, որ Հայաստանում տնօրինում են էլեկտրական բաշխիչ ցանցերը, գազ մատակարարող «Հայռուսգազարդ» ընկերությունը, «Արմենալ»-ը, Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ բլոկը:

«Եթե ռուսական ընկերությունները հաղթեն նաեւ «ԱրմենՏել»-ի մրցույթում, հայաստանյան տնտեսության գրեթե բոլոր ակտիվները կհայտնվեն ռուսական կապիտալի ձեռքում», - գրում է բրիտանական հեղինակավոր պարբերականի հավելվածը:

Ըստ «Էկոնոմիստ»-ի՝ 1992 թվականից հայաստանյան տնտեսությունում ռուսական կապիտալի ներդրումների ծավալը մոտ 400 միլիոն դոլար է կազմել: Այս թվի ուղիղ կեսը արձանագրվել է 2004-2005 թվականների ընթացքում: Այսպիսով, ըստ «Էկոնոմիստ»-ի, միջազգային բիզնես հանրությունը սպասում է, թե ո՞վ է լինելու Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերության սեփականատերը՝ միաժամանակ արձանագրելով. - «Այսօր Հայաստանի վերաբերմունքը ներդրողների հանդեպ կանխորոշվում է երկրի արտաքին քաղաքականության եւ անվտանգության ասպարեզներում որդեգրած ուղենիշերով, այնպես որ, Հայաստանը արդեն իսկ կարող ենք համարել ռուսական խաղադաշտ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG