Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում Հայաստանի տարին կմեկնարկի սեպտեմբերի վերջին


Ֆրանսիայում Հայաստանի տարվա պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, իսկ փակումը՝ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի անկախության օրը:

«Բայց փաստացի [Հայաստանի տարին] սկսվելու է սեպտեմբերի 30-ից մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբերի կեսերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանի նախագահի խորհրդական, Վիգեն Սարգսյանը, որը զբաղվում է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների համակարգմամբ՝ հավելելով. - «Բացվելու է Երեւանում՝ Հանրապետության հրապարակում մեծ միջոցառմամբ, ինչին կհետեւեն Հայաստանում ֆրանսիական մի շարք միջոցառումներ: Հոկտեմբերին Փարիզին նախատեսված է քույր քաղաքների մեծ կոնֆերանս: Նոյեմբերին նախատեսված է մեծ գործարար համաժողով Փարիզում, որին կմասնակցեն հայկական տնտեսության հիմնական ճյուղերը համակարգող նախարարները եւ գործարար պատվիրակություններ»:

Անդրադառնալով բուն մշակութային իրադարձություններին, Սարգսյանը ասաց, որ դրանք իրենց կուլմինացիոն կետին կհասնեն գալիք տարվա սկզբին, երբ Լուվրում կբացվի «Սուրբ Հայաստան» խորագրով ցուցահանդեսը:

«Առաջին անգամ պատմության մեջ կցուցադրվեն խաչքարեր», - ասաց Հայաստանի նախագահի խորհրդականը: - «Առաջին անգամ է, որ մոտ 40 խաչքար հանվում է ցուցադրության»:

Ցուցահանդեսում կներկայացվեն ոչ միայն Էջմիածնի գանձերը, այլեւ հայկական մասունքներ Սուրբ Ղազարից, Պոլսից, Երուսաղեմից, այլ վայրերից: «Պումպիդու» կենտրոնում կբացվի Արշիլ Գորկու աշխատանքների ցուցահանդեսը, համերգներով հանդես կգան աշխարհահռչակ հայ երաժիշտներ տարբեր երկրներից:

Վիգեն Սարգսյանը պատմեց նաեւ Ռուսաստանում Հայաստանի տարվա ընթացքի մասին: Նրա փոխանցմամբ, վերջին տասնօրյակը շատ ինտենսիվ է եղել հատկապես Մոսկվայում. - «Անցել են Փարաջանովյան օրեր Մոսկվայում, Հրանտ Մաթեւոսյանի օրերը՝ նույնպես Մոսկվայում. շատ գեղեցիկ եւ հետաքրքիր միջոցառում»:

Անցկացված մյուս միջոցառումներից Սարգսյանը առանձնացրեց Երիտասարդական նվագախմբի համերգը Չայկովսկու անվան դահլիճում, հայկական ճարտարապետության ցուցահանդեսը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG