Մատչելիության հղումներ

Եվս մեկ հայի սպանություն Մոսկվայում


Շաբաթ օրը երեկոյան անհայտ անձինք Մոսկվայի Հյուսիս-Արեւելյան օկրուգում կրակ են բացել Հայաստանի երկու քաղաքացիների վրա: Նրանցից մեկը տեղում զոհվել է, մյուսը՝ վիրավորվել:

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Նոգինսկի մսամթերքի մշակման կոմբինատի 52-ամյա վարորդը:

«Ձերբակալվածը կասկածվում է նրանում, որ ձերբակալումից որոշ ժամանակ առաջ խլացուցիչով ատրճանակից կրակել է 44-ամյա Հայաստանի մի քաղաքացու վրա, որը տեղում մահացել է», - ըստ «Ռեգնում»-ի, տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նա նշել է, որ հանցագործության վայրում հայտնաբերվել է խլացուցիչով ատրճանակը:

«Մարդասպանը ձերբակալված է, եւ շուտով նա ստիպված կլինի պատասխանել հարցերին, մասնավորապես՝ որտեղի՞ց է ձեռք բերել բավական հազվագյուտ զենքը», - ասել է աղբյուրը:

Մայիսին մերձմոսկովյան գնացքներից մեկում 19-ամյա հայ էր սպանվել:

Այսօր Մոսկվա է ժամանում ռասիզմի, ռասայական խտրականության, օտարատյացության ժամանակակից դրսեւորումների եւ դրանց առնչվող անհանդուրժողականությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուդու Դիենը, որը մեկ շաբաթվա ընթացքում կհանդիպի ռուսաստանցի պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ «Ռոյթերզ»-ի, ՄԱԿ-ի ներկայացուցիչը հանդիպումներ կանցկացնի այն համայնքներում, որոնց անդամները հաճախակի են ենթարկվում հարձակումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG