Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Ագոյի խումբը


Հինգշաբթի երեկոյան Երեւան են ժամանել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի՝ Ագոյի խմբի անդամները՝ ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ: Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների ընթացքն ուսումնասիրող Ագոյի խմբի անդամներն այսօր կհանդիպեն Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Վաղը նախատեսված են հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

«Հանդիպումներում քննարկումների առանցքը պետք է լինի սահմանադրական փոփոխությունների անդրադարձը Հայաստանի օրենսդրության վրա: Իրավապաշտպանության ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններ նախկինում էլ չեն եղել, իսկ մամուլի ազատության վերաբերյալ քննարկումներ եղել են եւ այսօր էլ կլինեն, որովհետեւ նույն սահմանադրական փոփոխությունների մեջ կային նաեւ մամուլի ազատությանը վերաբերող կետեր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Մասնավորապես, ըստ Թորոսյանի, քննարկվելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի ձեւավորման հարցը, որի շուրջ օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկելու է աշնանային նստաշրջանը սկսելուց անմիջապես հետո:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG