Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Բուխարեստում բաժանվել ենք առանց նոր հանդիպման մասին պայմանավորվածության»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Բուխարեստում կայացած բանակցություններից հետո նոր հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել:

«Բուխարեստում բաժանվեցինք առանց պայմանավորվելու, թե երբ է լինելու նոր հանդիպումը», - ասաց արտգործնախարարը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք մինչեւ այս տարվա վերջը Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի նոր հանդիպում է սպասվում:

Վարդան Օսկանյանը նշեց, որ «հետագա անելիքները ավելի կհստակեցվեն երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո, որը կարող է կայանալ հենց վաղը, բայց չի բացառվում, որ ամսվա վերջին»:

Երեկ Երեւանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովին, արտգործնախարարը հայտնեց, որ համահայկական այդ հավաքի ընթացքում հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման հնարավորությունների վրա: Ըստ Վարդան Օսկանյանի՝ Հայաստանի գյուղերի խնդիրները լուծելու համար գումարներ են հատկացված թե «Հազարամյակի մարտահրավերներ», թե Համաշխարհային բանկի ծրագրերով, եւ եթե այդ գործին սատարեն նաեւ սփյուռքահայերը, Հայաստանի գյուղերի խնդիրները կարող են հաջողությամբ լուծվել:

Անդրադառնալով Թուրքիայի հետ գաղտնի բանակցությունների վերաբերյալ հաղորդագրություններին, Վարդան Օսկանյանն ասաց, որ «նման շփումներ միշտ էլ եղել են թե վարչությունների ղեկավարների, թե փոխարտգործնախարարների մակարդակով, սակայն, հակառակ թուրքական լրատվամիջոցներում տարածված լուրերի, դրանք կապված չեն եղել Թուրքիայի վարչապետի եւ Հայաստանի նախագահի միջեւ փոխանակված նամակների հետ»:

Խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, արտգործնախարարը շեշտեց, որ «Հայաստանը դրական է գնահատում վերջին զարգացումները, որովհետեւ հավատում ենք, որ այդ հարցը երկխոսությամբ պետք է լուծվի: Հայաստանի համար դա մեծ կարեւորություն ունեցող խնդիր է, քանի որ մենք սահմանակից ենք Իրանին: Ողջունելի է Սոլանայի այցը, ողջունելի է փաթեթի առաջարկությունը, ողջունելի է Իրանի կողմից դրա չմերժելը, ողջունելի է Միացյալ Նահանգների կողմից արված առաջարկությունը՝ ուղիղ կոնտակտներ ստեղծել Իրանի հետ»:

Անդրադառնալով Ռուսաստանում հայերի սպանության դեպքերին, արտգործնախարարն ասաց՝ «Երբ նման դեպքեր են տեղի ունենում, եւ Ռուսաստանի դեսպանն է կանչվում այստեղ խորհրդակցությունների, եւ մեր դեսպանին է հանձնարարական տրվում՝ հնարավորին չափ բարձր ատյաններում հարցը բարձրացնելու: Ռուսական կողմը նույնպես մտահոգված է եւ խոստանում է հնարավորության սահմաններում կանխել նման դեպքերի կրկնությունը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի արտգործնախարարությունը վերջերս չէր համախմբել դեսպանատների ուժերը «Եվրատեսիլ»-ի մրցույթում Արդրեի հաջողությունն ապահովելու նպատակով, արտգործնախարարն ասաց, որ «նման միջամտություն չի եղել»: «Եթե լիներ, Անդրեն առաջին տեղը կզբաղեցներ», - կատակեց Վարդան Օսկանյանը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG