Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տարեգիր»-֊ը այսպես է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. - «Չնայած Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին գրեթե բոլոր բնագավառներում է կտրուկ հետընթաց ապրել, այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գլխին մնալը վտանգավոր է, առաջին հերթին, ղարաբաղյան հիմնահարցի առումով: Եթե դեռեւս հիշում եք, Ղարաբաղի հարցը հենց այն հարցն էր, որի շնորհիվ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ: Քոչարյանի իշխանության այս մի քանի տարիների ընթացքում, փաստորեն, բանակցային գործընթացը ոչ թե փակուղի է մտել, այլ, ըստ էության, վերածվել է ձեւականության, եւ միակ բանը, որն այս «ֆրոնտում» ռեալ գոյություն ունի, պատերազմի վտանգն է»:

«Հայկական ժամանակ»-֊ը նկարագրում է Հայաստանի վարչապետի կյանքի մանրամասները. - «Ինչպես վարչապետ դառնալուց առաջ, այնպես էլ հիմա Անդրանիկ Մարգարյանն իր ընտանիքի հետ ապրում է Երեւանի Ավան համայնքում գտնվող իրենց բնակարանում, միայն թե, ի տարբերություն մինչվարչապետական ժամանակների, այժմ նրանց լուսամուտների վրա երկաթյա ճաղեր են ավելացել: Վարչապետի ընտանիքը կառավարական ամառանոց չի տեղափոխվել, եւ նրանք 8 հոգով ապրում են 5֊ սենյականոց բնակարանում: Մինչ վարչապետ դառնալը Անդրանիկ Մարգարյանը «Ջիփ» չի ունեցել եւ ստիպված է եղել յոլա գնալ «Զապորոժեց»-֊ով: Թաղի տղամարդիկ, որոնք տաղավարում խումբ֊-խումբ հավաքված նարդի կամ շախմատ են խաղում, պատմում են, որ հաճախ իրենք են նրա մեքենան հրելով ընթացքի մեջ գցել: Այդ մասին ասում են ու եզրակացնում. - «Բայց ինքն էլ պիտի ժողովրդին առաջ հրի»:

«Գոլոս Արմենիի»-֊ն այսօր սուր քննադատության է ենթարկում Արթուր Բաղդասարյանին. - «Վախի հասարակությունը», որի մասին անընդհատ խոսում է նախկին խոսնակը, իրականում հենց ինքն է ծնել մի պետական հիմնարկում, որը կոչվում է խորհրդարան: Մատնելը, բամբասանքը, ինտրիգները, անգործությունը դարձել են խորհրդարանական առօրյայի պարտադիր տարրեր: Բացեք խորհրդարանական ցանկացած դուռ՝ նստած են տղաներ ու աղջիկներ, համակարգչային խաղ են խաղում կամ սուրճ եփում: Իհարկե, այսպես է եղել նաեւ Բաղդասարյանից առաջ, բայց նրա օրոք կատարվել է մի բան, որը նրա նախորդների օրոք չի եղել՝ նրանցից ոչ մեկը չի փորձել կուսակցականացնել Ազգային ժողովի աշխատակազմը: «Օրինաց երկիր»֊-ի ղեկավարը 3 տարվա ընթացքում գրեթե պարտադրանքով «օրինացերկրացրեց» խորհրդարանի աշխատակազմը:

«Առավոտ»֊-ի տեղեկություններով, հունիսի 1-֊ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի պաշտպանության փոխնախարար, երկրապահների միության վարչության նախագահ, գեներալ-֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Սյունիքի մարզում, Տաթեւի վանքի մոտակայքում գործող առողջարաններից մեկում մատաղ էր արել: Կերուխումից հետո միջոցառման մասնակիցներից մի քանիսը գեներալ Մանվելին ձոնած երգ էին սկսել երգել: Ոմանք երգել էին, ոմանք՝ ոչ: Հենց սա էլ խոսակցությունների, լեզվակռվի ու, ի վերջո, ծեծկռտուքի առիթ էր դարձել: Ասում են, գեներալի թիկնապահներին զայրացրել էր այն, որ ներկաներից ոչ բոլորն էին ձայնակցել այս երգին, ու հենց վերջիններս էլ ծեծվել էին:

«168 ժամ»-ը գրում է. - «Կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանին աշխատանքից ազատելուց հետո խոստացել էին նշանակել Հայաստանի նախագահի խորհրդական: Ու թեեւ Երիցյանի պաշտոնանկությունից արդեն 20 օր է անցել, սակայն խոստացված պաշտոնը նրան չեն տվել: Ի պատասխան «Ինչո՞ւ գցեցիք Սերգո Երիցյանին» հարցին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյան ասաց. - «Ո՞վ է ասում՝ գցեցինք: Ես նրան ոչ մի բան էլ խոսք չեմ տվել»:

Այսօր հայաստանյան բոլոր թերթերը անդրադարձել են հայաստանցի շախմատիստների հաղթանակին: Ահա ընդամենը մի քանի վերնագիր. «Հալալ է տղերքին», «Հայաստանը՝ շախմատային գերտերություն», «Հայակական շախմատի աննախադեպ նվաճումը»: Իսկ «Չորրորդ իշխանություն»-֊ը եզրակացնում է. - «Սերժ Սարգսյանին խորհուրդ ենք տալիս այսուհետ զբաղվել միայն շախմատով: Դա նրա մոտ լավ է ստացվում: Շախմատը նաեւ քաղաքականություն է, եւ եթե Սերժ Սարգսյանը զբաղվի միայն շախմատով, դրանից կշահեն ե'ւ շախմատը, ե'ւ քաղաքականությունը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG