Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Արտասահմանյան ներդրումները Ադրբեջանի նավթագազային ոլորտում գերազանցել են 20 միլիարդ դոլարը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր Բաքվում «Նավթը եւ գազը. Կասպից ծովի նավթարդյունաբերությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացման խոսքում նշել է, թե մինչեւ այժմ արտասահմանյան ներդրումները Ադրբեջանի նավթագազային ոլորտում գերազանցել են 20 միլիարդ դոլարը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ալիեւը ասել է, թե նման ծավալի ներդրումները նպաստում են կայունությանը եւ «Ադրբեջանի նկատմամբ հավատի ամրապնդմանը»: «Ավարտին հասցվեց այնպիսի խոշոր ծրագիր, ինչպիսին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունն է: Սակայն դա ընդամենը Ադրբեջանի նաթվագազային ոլորտի զարգացման հերթական փուլն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Մասնագետների գնահատմամբ, նաթվի մեկ բարելի դիմաց 50 դոլարի պայմաններում Ադրբեջանը առաջիկա 20 տարվա ընթացքում նավթագազային ծրագրերի իրականացումից կստանա 140 միլիարդ դոլար եկամուտ», - ասել է Իլհամ Ալիեւը եւ ավելացրել. - «Հավանաբար, առաջիկայում փոփոխություններ կկատարվեն Շահ-Դենիզ գազային հանքավայրի շահագործման ծրագրում: Դա բացատրվում է Ադրբեջանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում գազի պահանջարկի զգալի ավելացմամբ»:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում կարեւորել է Բաքու-Ջեյհան նավթատարի եւ հարավկովկասյան գազատարի դերը էներգետիկ անվտանգության հարցում: Նախագահ Բուշի ուղերձը ընթերցել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG