Մատչելիության հղումներ

Կոնդը հրդեհից հետո


Տան տարածքում ապրում է երկու ընտանիք՝ Տիկին Ջուլիետան՝ տղայի հետ, իսկ կից երկու սենյակներում՝ ամուսնալուծված հարսը՝ երկու անչափահաս երեխաների հետ: Հրդեհը բռնկվել է մայիսի 30-ին, մինչ օրս այս երկու ընտանիքների անդամները տանը չեն գիշերում, նույնիսկ ճաշ եփելու համար տիկին Ջուլիետան ստիպված կաթսա է խնդրել հարեւանից:

Նրանք զրկվել են ոչ միայն գլխավերեւոմ տանիք ունենալու հնարավորությունից, այլեւ տան ամբողջ գույքից:

«Երկու սառնարան, լվացքի մեքենա, էլեկտրական գազօջախ, փոշեծծիչ, պահարաններ, մի խոսքով ամեն ինչ է կրակի բաժին դարձել, դեռ շատ բաներ էլ չեմ հիշում»,- ասում է տիկին Ջուլիետան եւ ուրախանում, որ գոնե մարդկային զոհեր չեն եղել:

Թիվ 65 տունը հրդեհից մասամբ է տուժել, բնակիչները, ի տարբերություն շատերի՝ գոնե գիշերելու սեփական սենյակն ունեն: «Մեր բախտը բերել է, մեր տանիքն է միայն այրվել, իսկ սենյակներում տարածված խոնավությունը ու տանիքից ծորացող ցեխաջուրն աստիճանաբար վերանում են», - ասում է տանտեր Արայիկ Սողոմոնյանը:

«Կոնդում մի տան բակը մյուսի տանիքն է, ճաշասենյակների ու ննջարանների պատերն էլ ընդհանուր են, տները միմյանց կպած են, դրա համար էլ կրակն այդքան արագ տարածվեց», - ասում է Արայիկ Սողոմոնյանը՝ իր տան այրված տանիքից նայելով դիմացը բարձրացող էլիտար բարձրահարկ շենքին:

Հրդեհի պատճառները մինչեւ հիմա անհայտ են բնակիչներին: Նրանք շրջանառվող վարկածներից առավել հնարավոր են համարում տանիքով անցնող էլեկտրալարերի բռնկումը: Սակայն իրական պատճառների պարզաբանումից առավել բնակիչներին հետաքրքրում է տների վերանորոգման հեռանկարը եւ ստեղծված հատուկ հանձնաժողովի աշխատանքը:

«Խոստացել են… Մենք էլ սպասում ենք, բայց դեռ ոչինչ չենք տեսնում, երբ գան, չափումներ անեն, քար ու ցեմենտ բերեն, էն ժամանակ կհավատանք», - ասում է տիկին Ջուլիետան: Արայիկ Սողոմոնյանն էլ ավելացնում է, որ տուժած բնակիչներն ամեն օր աղոթում են, որ անձրեւ չգա:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG