Մատչելիության հղումներ

«Հայաստան – Սփյուռք» երկրորդ տնտեսական համաժողովը կկայանա սեպտեմբերին


Գալիք սեպտեմբերին Երեւանում կկայանա «Հայաստան – Սփյուռք» երկրորդ տնտեսական համաժողովը: Պաշտոնյաների հավաստմամբ՝ միջոցառումը «աննախադեպ մեծ» է լինելու եւ դրա ընթացքում գործելու է նույնպես աննախադեպ մեծ ցուցահանդես՝ Pan-Armenian EXPO - 2006:

«Ցուցահանդեսը իր ծավալներով, կառուցվածքով երեւի կլինի աննախադեպ Հայաստանի պատմության մեջ», - հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը:

Մասնակցության հայտերը կարող են ներկայացվել նաեւ ինտերնետով՝ www.businessdiaspora.org կայքում, որտեղ, գրանցվելուց բացի, հնարավոր է նաեւ on-line կարգով կատարել մասնակցության վճարումները (50 եվրո՝ անցած համաժողովի 100 եվրոյի փոխարեն, եթե վճարումները կատարվեն մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դրանից հետո մասնակցության վճարը կկազմի 100 եվրո):

Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 գործարարներ, որոնց թվում, բացի Հայաստանի եւ Սփյուռքի ներկայացուցիչներից, կլինեն նաեւ այլազգի գործարարներ:

«Հայաստան – Սփյուռք» առաջին տնտեսական համաժողովը տեղի է ունեցել 2003 թվականին: Տիգրան Դավթյանի խոսքերով՝ առաջին համաժողովից հետո անցած երեք տարիները վկայում են, որ աճում է կապիտալի ներհոսքը Հայաստան:

Ներկայացված տվյալներով, այսօր Հայաստանում գործում են արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ 3500 ընկերություններ, որոնց գերակշիռ մասը՝ սփյուռքահայ կապիտալի:

«Վերջին 3-4 տարվա ընթացքում մենք ունեցանք այն չափի ներդրումներ, ինչքան մենք ունեցել ենք նախորդ 10 տարիների ընթացքում», - ասաց փոխնախարարը՝ ավելացնելով. - «Հայաստանում օտարերկրյա մասնավոր ներդրումների ընդհանուր ծավալը այսօրվա դրությամբ մոտ 2 միլիարդ դոլար է կազմում»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG