Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան»-֊ը՝ երրորդ անգամ


«Մենք սկզբունքորեն բացումը միշտ հայկական ֆիլմով ենք ուզում անել: «Նամուս»-֊ը էկրան է բարձրացել 1926 թվականին, այս տարի ֆիլմի 80-րդ տարեդարձն է նշվում, սա պատահական ընտրություն չէր», - ասում է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

«Միջազգային կինոփառատոն կազմակերպելը հեշտ գործ չէ», - բացատրում է փառատոնի գլխավոր բեմադրիչ Արմեն Մազմանյանը: - «Տարեցտարի մենք ինքներս մեզանից ինչ-որ բան սովորում ենք: Օրինակ, այս տարվա համար որոշվել է բացման եւ փակման արարողությունները հագեցնել բացօթյա միջոցառումներով, նաեւ կրճատել նախորդ տարիների բեմական երգն ու պարը, ասել է թե՝ բացումն ու փակումը բեմում ավելի զուսպ կլինեն»:

«Ե'վ բացումը, ե’ւ փակումը այս տարի երկու շեշտադրություն կունենան. նախ դրսում՝ ֆիեստայի, տոնի ձեւով, թե ինչ գույներով ու հնչյուններով, հիմա չենք մանրամասնի: Իսկ բեմում արդեն զուտ փառատոնային ծրագիր կլինի»:

Այս տարվա «Ոսկե ծիրան»֊-ի «մեխը» իսպանացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Վերադարձ» ֆիլմն է, որ ընդգրկվել է խաղարկային ֆիլմերի մրցույթում: Այս ֆիլմը ընդամենը օրեր առաջ ավարտված Կաննի կինոփառատոնում ստացավ միանգամից 2 մրցանակ՝ «Լավագույն սցենար» եւ «Լավագույն կանացի դեր» անվանակարգերում: Միքայել Ստամբոլցյանը պատմում է, որ այս աշխատանքը մրցութային ծրագրում ընդգրկելու մասին վաղուց էին մտածել, բայց ներքին համաձայնությամբ որոշել էին, որ եթե ֆիլմը Կաննում գլխավոր մրցանակ ստանա, այն մրցույթում չեն ընդգրկի, որպեսզի ճնշում չլինի ժյուրիի վրա:

«Բարեբախտաբար «Վերադարձ»-֊ը չարժանացավ «Ոսկե արմավենու»,֊ - ասում է Ստամբոլցյանը:

Ալմոդովարի «Վերադարձ»֊-ից բացի, «Ոսկե ծիրան»-֊ի խաղարկային ծրագրում կմրցեն եւս 10 ֆիլմեր, որոնք կապված են ոչ պակաս հայտնի անունների հետ. օրինակ, լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսի, որը կներկայանա «Պերսոնա նոն գրատա» աշխատանքով, գերմանացի ռեժիսոր Անդրեաս Դրեսեն՝ «Ամառը Բեռլինում» ֆիլմով, բոսնիացի ռեժիսոր Յասմիլա Զբանիչ՝ «Գրբավիցա» ժապավենով, որն այս տարվա «Բեռլինալե»-ի ժամանակ արժանացել է «Ոսկե արջ»-֊ի:

Խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկված է միայն մեկ հայ ռեժիսորի՝ Ռոբեր Գետիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը, որը ֆրանսիական արտադրանք է: Հայկական ֆիլմեր չկան նաեւ վավերագրական մրցույթում:

Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ «Վերադարձ» ֆիլմի ցուցադրության ժամանակ դահլիճում կտեսնեն նաեւ հեղինակին՝ Պեդրո Ալմոդովարին:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG