Մատչելիության հղումներ

Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին


Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել չմասնակցել մայիսի 31-ին Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստին:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության, պատճառն այն է, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունը չի կարողացել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության անդամների անվտանգության երաշխիքներ ստանալ Ադրբեջանի իշխանություններից:

«Սույն փաստը կրկին անգամ վկայություն է, որ Ադրբեջանը ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները՝ ապահովել իր իսկ տարածքում կազմակերպվող միջազգային միջոցառման մասնակիցների անվտանգությունը: ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունն էլ իր հերթին պարտավոր է ստեղծել նիստի մասնակցության հավասար պայմաններ ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համար: Մենք ակնկալում ենք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի պաշտոնական վերաբերմունքը կատարվածի կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը փոխանցել էր Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, մայիսի 31-ին Բաքվում կայանալիք ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում Հայաստանը պետք է ներկայացներ ԱՊՀ-ում եւ ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) երկրի ներկայացուցիչ, գեներալ Ալեքսեյ Անտոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG