Մատչելիության հղումներ

Արամ Խաչատրյանը եւս մեկ անգամ կներկայանա աշխարհին


Արամ Խաչատրյանի անվան մրցույթը անցկացվում է արդեն երրորդ անգամ: 2003֊-ին մեծ կոմպոզիտորի անունը միավորել էր դաշնակահարներին, 2005-ին՝ ջութակահարներին, իսկ այս տարի մրցույթի ընթացքում իրենց կատարողական վարպետությունն են ցուցադրելու թավջութակահարները:

Մրցույթին մասնակցում են 18 երաժիշտներ, որոնցից միայն 5-ն են Հայաստանից. մյուսները ժամանել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Մեքսիկայից եւ այլ երկրներից: Մրցույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի խոսքերով, եթե նախորդ տարիներին արտասահմանցի մասնակիցներին կարելի էր մատների վրա հաշվել, ապա այժմ նրանք բավական շատ են:

Մրցույթին մասնակցելու միակ սահմանափակումը տարիքայինն է՝ երաժիշտները պետք է լինեն 16-30 տարեկան: Այսկերպ խթանվում է հատկապես երիտսարդների մասնակցությունը: Իսկ ընտրության չափանիշները, Տիգրան Մանսուրյանի խոսքերով, գրեթե նույնն են, ինչ միջազգային բոլոր մրցույթներում:

Մրցույթը ընթանալու է երեք փուլով, որի արդյունքում ընտրվելու են 6 լավագույնները: Նրանք կբաժանեն 36 000 դոլարին համարժեք մրցանակային ֆոնդը:

Մրցույթի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը Արամ Խաչատրյան դահլիճում: Իսկ կավարտվի մրցույթը հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG